Արդյո՞ք ամերիկյան հավելյալ զինուժ է տեղաբաշխվելու Իրաքում

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության համաձայն, Իրաքում ապստամբական եւ հատվածախմբական հարձակումներն անցած երեք ամսում հասել են մրցանիշային թվի եւ Իրաքի կառավարությունը չի կարողանում երկրում ապահովել համերաշխություն։

Պենտագոնի վերջին զեկույցի համաձայն, Իրաքի քաղաքացիական բնակչության եւ ամերիկյան զինուժի դեմ Իրաքում ամեն շաբաթ կատարվում է մինչեւ հազար հարձակում։ Իրաքում բազմազգ զինուժի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարտին Դեմփսին ասում է, թե հարձակումները կատարող ապստամբներին ու հատվածախմբական մարտիկներին մեկուսացնելն ու ոչնչացնելը կարեւոր է.

՚՚Մարտիկների դեմ պայքարի արդյունավետ միջոցը նրանց ծայրահեղական տարրերին մեկուսացնելն է՚՚։

Գեներալն ասել է, թե Իրաքի անվտանգության ուժերի մարզումն արագացվել է եւ կանխագուշակել է, որ առաջիկա վեց ամսում դրանք առաջընթաց կկատարեն բռնարարքները զսպելու խնդրում։

Միաժամանակ, տեղեկագրությունների համաձայն, նախագահ Բուշը քննարկում է Իրաքում 6-ից 8 ամսով տեղաբաշխել ամերիկյան մոտավորապես 30 հազարանոց հավելյալ զինուժ՝ բռնարարքային գործողությունների թիվը հատկապես Բաղդադում նվազեցնելու համար։

Սակայն, տեղեկագրությունների համաձայն, այս առաջարկին ընդդիմանում են Միացյալ Նահանգների բանակի Միացյալ սպայակույտի պետերը, եւ նրանց ղեկավարը՝ գեներալ Փիթր Փեյսը։ Վաշինգտոն Պոստ թերթը հայտնել է, թե ամերիկյան բանակի հրամանատարներն ընդդիմանում են Իրաքում ժամանակավորապես ամերիկյան հավելյալ զինուժ տեղաբաշխելուն, քանի որ Իրաքում ռազմական առաքելությունը հստակորեն սահմանված չէ։

Սպիտակ Տան խոսնակը Թոնի Սնոուն հերքել է այս մասին լուրը.

՚՚Կարող եմ ասել, որ կարծիքը, թե իբր տարաձայնություն է առկա նախագահի եւ ամերիկյան բանակի Միացյալ սպայակույտի պետերի միջեւ, սխալ է՚՚։

Մի ժամանակ, Միացյալ Նահանգների պաշտոնատարները խոսում էին ամերիկյան զինուժի թվաքանակն Իրաքում մինչեւ 2006 թվականի վերջերը նվազեցնելու մասին։ Սակայն, այժմ հստակ է, որ 2006 թվականն ավարտվում է հարաճուն բռնարարքներով, եւ ամերիկյան ռազմավարության համար դյուրին լուծում չկա Իրաքում։