Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները

Անցնող կիրակի կայացած Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների եւրոպական դիտորդները հայտնել են, թե դրանք չեն համապատասխանել միջազգային չափանիշներին։

Արեւմտյան երկրների ղեկավարները հստակեցրել են, որ անցնող կիրակի Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները կարեւոր փորձ էին ժողովրդավարությանը Բաքվի հանձնառության տեսակետից, որը ձախողվել է։ Ալսի Հասթինգզը Միացյալ Նահանգների կոնգրեսական է Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում.

՚Կիրակի օրվա ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների ԵԱՀԿ-ի ու Եւրախորհրդի մի շարք չափանիշների՚՚։

ԵԱՀԿ- ի նշած անկանոնությունների թվում են քվեատուներին հարկադրելու եւ քվեատուփերը քվեաթերթիկներով խցկելու դեպքերը։ Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարարության խոսնակ Ադամ Էրելին ասաց, թե մինչ նախկին ընտրությունների համեմատությամբ առկա են որոշ բարելավումներ, խոշոր անկանոնությունների ու ընտրակեղծիքների մասին տվյալներն անհանգստացնող են.

՚՚Մենք Ադրբեջանի կառավարությանը կխնդրենք անհապաղ սկսել անկանոնությունների, ընտրակեղծիքների դեպքերի հետաքննությունը, որը համապատասխանում է Ադրբեջանի օրենքներին եւ ընտրությունների օրենսդրությանը։ Նախագահ Ալիեւի խոսնակներից մեկն ընդունել է, որ առկա են բողոքներ Բաքվում եւ չի բացառել քվեների վերահաշվումը, եթե լուրջ ընտրակեղծիքներ հայտնաբերվեն։

Ընդդիմության ղեկավարները կոչ են անում նոր ընտրություններ կայացնել եւ հավաքներ են ծրագրում շաբաթավերջին, քվեարկության արդյունքների դեմ բողոքելու համար։ Նիքսոնի կենտրոնում վերլուծաբան Զեյնո Բարանն այն կարծիքին է, որ Բաքվում ցույցերը չեն ունենա Ուկրաինայում եւ Վրաստանում տեղի ունեցած նման հավաքների ելքը.

՚՚Ադրբեջանում նախագահ Ալիեւն իսկապես որոշ բարեփոխումներ անցկացրեց, որոնք ընդդիմությունը կցանկանար անել։ Այդ իսկ պատճառով չեմ տեսնում որեւէ պատճառ կամ նախադրյալ նման հեղափոխություն կատարելու համար՚՚։

Ադրբեջանի ընտրական հանձնաժողովը հայտնել է, թե քվեների նախնական հաշվումով նախագահ Ալիեւի կուսակցությանը բաժին է հասել խորհրդարանի 123 տեղերից առնվազն 63-ը, իսկ մնացած տեղերը գրավել են ընդդիմությունն ու անկախ թեկնածուները։