Փոփոխություններ նախագահներ Բուշի ու  Պուտինի հարաբերություններում

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հարաբերությունները նշանակալիորեն փոխվել են նրանց առաջին հանդիպումից ի վեր։ Երկու կողմերը սկսել են առավել գործնական մոտեցում ցուցաբերել իրենց փոխհարաբերությունների նկատմամբ։

Իրենց առաջին պաշտոնական հանդիպումից չորս տարի անց Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների փոխհարաբերությունը առավել կայունացել է եւ այժմ որոշ հարցերում համագործակցելով հանդերձ նրանք կարողանում են տարակարծիք մնալ այլ հարցերում։ Ջեյմս Գոլդայըրը Արտաքին Հարաբերությունների խորհրդից ասում է.

՝՝Փոխհարաբերությունները դեռեւս փոքր ինչ լարված են։ Սակայն նույնիսկ, երբ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը փորձում են որոշ տարակարծություններ հարթել, դրական փոխհարաբերությունների պահպանումը երկու երկրների միջեւ խիստ կարեւոր է՝՝։

Առկա տարակարծությունների թվում են Կենտրոնական Ասիայում ժողովրդավարության ամրապնդման պրն. Բուշի ջանքերը եւ պրն Պուտինի բռնատիրական քայլերը իր քաղաքական իշխանությունն ամրապնդելու ուղղությամբ։

Նախագահ Բուշն այդ առթիվ ասել է.

՝՝Մենք խորհրդակցել ենք պրն Պուտինի որոշումների շուրջ։ Իսկ նա հետաքրքրված է իմ որոշումներով։ Եւ դա շատ կարեւոր երկխոսություն է։ Շատ կարեւոր է, որ բոլոր երկրներն ըմբռնեն ժողովրդավարության արժեքների կարեւորությունը՛՛։

՝՝Հերիթըջ՝՝ հաստատության փորձագետ Արիել Քոհենը, որն անցյալ շաբաթ հանդիպել է պրն. Պուտինի հետ, ասել է, որ այժմ, երբ Ռուսաստանը սահմանակից է նորաբողբոջ ժողովրդավարական կառավարություններին, պրն Բուշի պատգամը ուղղված Ռուսաստանի նախագահին պետք է լինի շատ հստակ։ Նա ասել է.

՝՝Մենք պետք է ազդարարենք, որ մեր աջակցությունը՝ այս պետություններում ժողովրդավարության գործընթացի օգտին է եւ ուղղված չէ Ռուսաստանի դեմ՝՝։

Տարակարծության մեկ այլ նյութ է Իրանի միջուկային ծրագիրը։ ԱՄՆ-ի կարծիքով Իրանի այս ծրագրի մաս է կազմում նաեւ միջուկային զենքերի զարգացման ծրագիրը։ Արիել Քոհենն ասել է.

՝՝Ռուսաստանը ընդդիմանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելու ԱՄՆ-ի եւ Եվրոպայի դիրքորոշմանը։ Ռուսաստանը դեմ չէ խաղաղ նպատակի ծառայող Իրանի միջուկային ծրագրին, քանի որ դրան մասնակցելու ցանկություն ունի՝՝։

Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնից Սարա Մենդելսոնի կարծիքով.

՝՝Իհարկե Ռուսաստանի վերնախավը ցանկանում է նկատվել որպես հզոր պետություն, քանի որ Ռուսաստանը հյուրընկալելու է արդյունաբերապես ամենազարգացած եոթ երկրների եւ Ռուսաստանի հաջորդ հանդիպումը 2ՕՕ6 թվականին՝՝։

Իսկ Արիել Քոհենն ասել է.

՝՝Ռուսաստանի ղեկավարության վերին շերտը այժմ կենտրոնացած է Ռուսաստանի անկախությունը որպես արտաքին քաղաքականության դերակատար բարձրագույնի հասցնելու ջանքերի վրա՝՝։

Փորձագետների կարծիքով պարոնայք Բուշի եւ Պուտինի հանդիպումը ճանապարհ կհարթի քաղաքականության վրա հիմնված նոր փոխհարաբերությունների ստեղծման համար։