Չինաստանն երկարաժամկետ գործընկեր է, ոչ թշնամի. քննարկումներ Կիևում 

Ukraine China peace talks

Չինաստանի հատուկ բանագնաց Լի Հուին միջնորդական առաքելությամբ ժամանել է Կիև։ Ուկրաինացի վերլուծաբանները նշում են՝ Կիևը պատրանքներ չունի Պեկինի դիվանագիտական ջանքերի առնչությամբ, սակայն գտնում են, որ Ուկրաինայի համար կարևոր է Չինաստանի հետ երկխոսությունը: 

Պեկինի հատուկ բանագնաց Լի Հուի այցը Կիև հաջորդել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ նախորդ ամիս կայացած հեռախոսազրույցին, որն առաջինն էր Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր:

Հեռախոսազանգով նոր փուլ սկսվեց Ուկրաինա-Չինաստան հարաբերություններում։ Զելենսկու փոխանցմամբ, զրույցը երկարատև էր և բովանդակալից։ Ուկրաինայի նախագահը նույն օրը հայտարարեց Չինաստանում նոր դեսպանի նշանակման մասին։

Your browser doesn’t support HTML5

Չինաստանն երկարաժամկետ գործընկեր է, ոչ թշնամի. քննարկումներ Կիևում

Չինաստանը հայտարարել էր, որ իր առաջնահերթությունը խաղաղությանը միտված բանակցություններին նպաստելն է, և խոստացել էր հատուկ բանագնաց գործուղել Ուկրաինա:

Լի Հուին Ուկրաինայում հանդիպել է արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ՝ քննարկելու ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը։

Ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Ֆեսենկոյի խոսքով, Լի Հուի այցը «այլընտրանքային դիվանագիտություն է», որի նպատակը տարածաշրջանում Պեկինի ներկայության ամրապնդումն է:

«Հատուկ ներկայացուցչի նպատակը ոչ միայն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը կանգնեցնելն է, այլև՝ Եվրոպայում Չինաստանի ազդեցությունը ամրապնդելը: Ուկրաինայի համար կարևոր է, որպեսզի Չինաստանը լինի խաղաղության միջնորդ, ոչ թե Ռուսաստանի ռազմական դաշնակիցը»,- ասել է նա:

Իր հերթին՝ Վիտա Գոլոդը, ով գլխավորում է Չինագիտության ուկրաինական ասոցիացիան, ընդգծում է Պեկինի հետ երկխոսության պահպանման կարևորությունը:

«Չպետք է թշնամի դարձնել Չինաստանը: Մեր խնդիրն է նպաստել, որպեսզի [ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ] Պեկինի դիրքոոշումը պահպանվի։ Սա չինական խաղ է, և մենք պետք է ընկալենք այն որպես Պեկինի երկարաժամկետ ռազմավարության մաս։ Չինական խաղաղության ծրագրի և Զելենսկու խաղաղության բանաձևի միջև կան ընդհանուր կետեր, որոնց հետ պետք է աշխատել»,- ասել է նա:

Կիևում վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Լի Հուի այցը դժվար թե փոխի իրավիճակը, սակայն դրական են արձագանքում Չինաստանի՝ որպես չեզոք կողմի ներգրավմանը:

Կիևի փողոցներում մարդիկ թերահավատ են: Մայրաքաղաքի բնակիչ Մաքսիմն ասում է. «Հավատում եմ, որ Չինաստանը կարող է միջնորդ լինել, բայց նրանք ունեն իրենց նպատակը ու շահը՝ ցավոք, ոչ հօգուտ Ուկրաինայի, այլ՝ իրենց: [Պեկինն] ի սկզբանե աջակցել է Ռուսաստանին, և ես չէի ցանկանա, որ [Չինաստանը] միջնորդ լինի»:

Կիևում երկօրյա բանակցություններից հետո տակավին պարզ չէ, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Պեկինը՝ հասնելու պատերազմի ավարտին: