Նոր ընթացակարգ` ԱՄՆ-ում մի շարք երկրների ներգաղթյալների համար

Հունվարի սկզբին Միացյալ Նահանգները գործի դրեց ներգաղթի նոր ընթացակարգ, որը թույլ է տալիս որոշ ներգաղթյալների Կուբայից, Հայիթիից ու Նիկարագուայից ժամանակավորապես ապրել և աշխատել ԱՄՆ-ում: Այն նաև ընդլայնում է Վենեսուելայից իրավասու ներգաղթյալների թիվը: Կենտրոնական Ամերիկայի որոշ ներգաղթյալներ պնդում են, որ ցանկալի է, որ նրանց կարգավիճակը ևս համապատասխանեցվի նույն ընթացակարգին

Կուբայի, Հայիթիի և Նիկարագուայի որոշ քաղաքացիների ներգաղթի վերաբերյալ Բայդենի վարչակազմի ընդունած որոշումից հետո Մեքսիկայի սահմանին գտնվող այդ երկրների ներգաղթյալները լավատեսորեն են տրամադրված ԱՄՆ մուտք գործելու իրենց հնարավորությունների վերաբերյալ:

«Եթե մենք կարողանանք դա անել Հայիթիից, դա մեզ համար շատ կարևոր և շատ տեղին կլինի»,- ասում է Հայիթիից ներգաղթյալ Մարկյոել Հենրին:

Այս ծրագիրը թույլ է տալիս ամսական ընդհանուր առմամբ 30 հազար միգրանտների այդ երեք երկրներից և Վենեսուելայից մինչև երկու տարի ժամկետով դիմել ԱՄՆ-ում ժամանակավորապես ապրելու և աշխատանքի թույլտվություն ստանալու համար մինչ ապաստանի դիմումները ընթացքում են: Դրա համար նրանք պետք է համապատասխանեն որոշ պայմանների և ԱՄՆ քաղաքացու կողմից ֆինանսապես հովանավորվեն:

Your browser doesn’t support HTML5

Միացյալ Նահանգներ ներգաղթի նոր ընթացակարգ մի շարք երկրների համար

Կենտրոնական Ամերիկայի ներգաղթյալների այլ խմբեր քննադատեցին այս որոշումը՝ նշելով, որ դրա արդյունքում նրանք իրենց զգում են մերժված:

«Մեզ էլ պետք է հնարավորություն տրվի մուտք գործել երկիր, քանի որ շատ Կենտրոնական Ամերիկայի քաղաքացիներ կան, ովքեր փախչում են հանցագործությունից կամ աղքատությունից»,- նշում է հոնդուրասցի ներգաղթյալ Վիլմա Վասկեսը:

«Մենք արժանի ենք աշխատանք ստանալուն: Մեր նպատակն է աշխատել, որպեսզի կարողանանք գոյատևել»,- հայտնում է սալվադորցի ներգաղթյալ Էրազմո Տորես Չավարիան:

Մեքսիկայում բնակվող փաստաբան ու իրավապաշտպան Ֆորթինո Լոպեզ Բալքազարը ողջունել է այս նոր ընթացակարգը։

«Միգրացիայի իրավունքը մարդու իրավունք է: Այն նաև իրավունք է, որով պետք է պաշտպանված լինեն միգրանտները: Դա պաշտպանության ձև է, քանի որ մենք գիտենք, որ երբ նրանք անկանոն միգրացիա են անում, նրանք ենթարկվում են մարդու իրավունքների մի շարք խախտումների իշխանությունների և մարդկանց կողմից»,- պնդում է փաստաբանը:

Լոպես Բալկազարն ասում է, որ նոր քաղաքականությունը կօգնի ներգաղթյալներին խուսափել առևանգումներից, այլ չարաշահումներից և նույնիսկ մահից: Նա կարծում է, որ նախագահ Ջո Բայդենի վերջին այցը սահման վկայում է նրա մտահոգության մասին միգրանտների բարեկեցության վերաբերյալ:

«Խնդիրն այլևս չի դիտվում միակողմանի: Այն բազմակողմ է երկու երկրների և մայրցամաքների բոլոր երկրների միջև: Նախկինում այն դիտվում էր միայն որպես Միացյալ Նահանգների և Մեքսիկայի խնդիր, բայց դա այլևս այդպես չէ»,- նշում է Բալկազար:

Երկամյա ժամանակավոր թույլտվությունը հնարավորություն կտա միգրանտներին դիմել ապաստանի համար և ստանալ այլ մարդասիրական աջակցություն ԱՄՆ-ում ապրելու ընթացքում:

Բայց եթե երկու տարվա երկու տարվա ընթացքում նրանց ապաստան չտրվի, ապա ամերիկյան համապատասխան մարմինները պնդում են, որ նրանք ստիպված կլինեն լքել Միացյալ Նահանգները:

Հոդվածը պատրաստվել է Վիկտոր Կաստիլյոնի նյութի հիման վրա