Բելառուսի վրա է իջել տեղեկատվական «երկաթե վարագույրը»


Բելառուսի անկախ մեդիա-փորձագետները համոզված են, որ երկրում այսօր ազատ լրատվամիջոցներ չեն մնացել: Բելառուսի բազմաթիվ առաջատար անկախ լրատվամիջոցներ այսօր ճանաչվում են որպես «ծայրահեղական կազմավորումներ»

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպության 2022 թվականի «Մամուլի ազատության ինդեքսը» վերտառությամբ ամենամյա ցուցակում Բելառուսը 180 երկրների շարքում զբաղեցրել է 153-րդ տեղը և գլխավորել 28 երկրներից բաղկացած այն խումբը, որտեղ ազատ խոսքի հարցում իրավիճակը «շատ վատ է»:

Այսօր կան բոլոր հիմքերը` ենթադրելու, որ հաջորդ տարվա զեկույցում Բելառուսը ցուցանիշները չի բարելավվի:

Այսպես, հոկտեմբերի վերջին տեղեկություններ ստացվեցին, որ բելառուս լրագրող Ալես Լեբենչուկը Մինսկի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ «ծայրահեղական կազմակերպություն հիմնելու և դրա գործունեությանը մասնակցելու» մեղադրանքով։ Փաստորեն երկրի իշխանությունները Belsat հեռուստաալիքի հետ համագործակցած լրագրողին դատապարտել են՝ 2020 թվականի երկրորդ կեսին անցկացված ցույցերը լուսաբանելու համար։

Ինչպես «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության թղթակիցն է հայտնում, Լեբենչուկի գործը Բելառուսում միակը չէ:

Բելառուսի լրագրողների ընկերակցության (BAJ) նախագահ Անդրեյ Բաստունեցը հարկ է համարում ընդգծել, որ. «Հակառակ այն կարծիքին, թե Բելառուսում լրագրողները դեռ աշխատում են եւ որ կան խմբագրություններ, պարզ է, որ նրանք գտնվում են իշխանությունների ուժեղ ճնշման տակ, ինչը մեծապես է ազդում նրանց խմբագրական քաղաքականության վրա»:

Անդրեյ Բաստունեցը նաև ասում է, որ 2020-2021 թվականների իրադարձություններից հետո բելառուսական խոշորագույն և ամենահայտնի անկախ լրատվամիջոցները ստիպված են եղել հեռանալ երկրից: Նրանց աշխատանքն ամբողջությամբ կենտրոնացված է երրորդ երկրներում, որպեսզի վտանգի տակ չդրվի թղթակիցների կյանքը: Նրանք աշխատում են «հիբրիդային ձևաչափով», այսինքն՝ անանունության պայմանով կամ կեղծանուններով։

«Հարկ է նաև նշել, որ Բելառուսում այսօր բազմաթիվ առաջատար անկախ լրատվամիջոցներ ճանաչվում են որպես «ծայրահեղական կազմավորումներ»։ Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածն ընդունվել է անցյալ տարի, եւ ուժի մեջ մտել այս տարի: Եղել են դեպքեր, երբ մեկնաբանները քրեական պատասխանատվության են ենթարկվել «ծայրահեղական խմբավորումների» գործունեությանը մասնակցելու մեղադրանքով: Դատապարտվել են բոլոր նրանք, ովքեր հարցազրույցներ են տվել առաջատար այնպիսի լրատվամիջոցների, ինչպիսիք են «Զերկալո»-ն, «Belsat»-ը, «BelaPAN»-ը եւ ‘’Ազատություն’’ ռադիոկայանը:

Ըստ բելառուս լրագրող Իգոր Իլյաշի՝ բոլոր անկախ լրատվամիջոցները վտարվել են երկրից: «Նրանք բոլորը ճանաչված են որպես «ծայրահեղական կազմավորումներ», ինչը նշանակում է, որ նրանց հետ նույնիսկ նվազագույն փոխգործակցությունը քրեական հետապնդում է ենթադրում։

«Եվ սա տոտալիտարիզմի կառուցման նոր փուլ է, երբ ոչ միայն լրագրությունն է ինքնին անօրինական, այլև լրագրողի հետ ցանկացած շփում քրեորեն դարձել է պատժելի։ Այսինքն՝ անկախ լրատվամիջոցների հետ խոսելու փաստի համար, որոնց իշխանությունները համարում են ծայրահեղական խմբավորումներ, մարդիկ կարող են երկար ժամանակ բանտում անցկացնել։ Եվ սա ցույց է տալիս, թե ինչ պայմաններում է լրագրությունն ընդհանրապես Բելառուսում»,- ասում է Իգոր Իլյաշը։

Նրա խոսքով, անկախ լրագրողների աշխատանքը Բելառուսում ներկա պահին կարելի է համեմատել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ պարտիզանների գործունեության հետ։ «Ես գիտեմ, որ լրագրողները նախընտրում են հարցազրույցներ անցկացնել ամայի վայրերում, օրինակ՝ անտառում։ Այսինքն՝ Բելառուսում ցանկացած լրագրողական գործունեություն մղվում է ընդհատակ»,- համոզված է նա։

«Ամերիկայի Ձայն»-ի զրուցակիցը հաստատում է, որ բելառուսական բազմաթիվ խմբագրություններ տեղափոխվել են ԵՄ-ի երկրներ և չեն համարձակվում նյութեր վերցնել Բելառուսում մնացած լրագրողներից. «Իհարկե, կան մարդիկ, որոնք տալիս հարցազրույցներ, հայտնում որոշ տեղեկություններ, բայց այս ամենը` բացառապես անանուն ձևաչափով: Ամեն ինչ հնարավորինս կոդավորված է փակ կապուղիներով, իհարկե, առանց անուն և ազգանուն նշելու:

Կարելի է ասել, որ Բելառուսում գործնականում անկախ լրատվամիջոցներ չեն մնացել», ասում է Իլյաշը:

«Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայության թղթակիցը զրուցել է նաև լրագրության ամենաբարդ ժանրով զբաղվող Բելառուսի քննչական կենտրոնի քննչական բաժնի ղեկավար Օլգա Ռատմիրովայի հետ։

«Մենք շարունակում ենք աշխատել արտերկրից և հաջողության ենք հասնում: Մեզ ե՛ւ լուրեր են ուղարկում, ե՛ւ տեղեկություններ: Սա խոսում է այն մասին, որ բելառուսները անաչառ տեղեկատվության կարիք ունեն»,- ասում է նա:

Երկրից հեռանալուց հետո Բելառուսի քննչական կենտրոնի լսարանը մեծացել է, ինչի մասին կարելի է դատել BRC YouTube ալիքի բաժանորդների թվով։

Հարցին, թե արտասահմանում բելառուս լրագրողները որևէ տեղեկություն ստանո՞ւմ են այն մասին, թե ինչպես են իրենց գործընկերներն աշխատում հայրենիքում, Օլգա Ռատմիրովան պատասխանում է` ասելով. «Անձամբ ինձ մոտ տպավորություն է, որ այնտեղ ոչինչ և ոչ ոք չի մնացել: Օրեր առաջ տեղեկություն ստացանք, որ բժշկության ոլորտում կոռուպցիան հետաքննող առաջին լրագրողը՝ «Եժեդնևնիկ» թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Սացուկը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման։

Նա շատ բարձր մակարդակի նյութեր է հրատարակել այն մասին, թե ինչպես են բելառուս պաշտոնյաները գնել չգրանցված պատվաստանյութ նորածինների համար, թե ինչպես են բելառուս պաշտոնյաները չինական բժշկական սարքավորումներ գնել գերմանականի անվան տակ, և որ իբր գործուղումների են մեկնել գոյություն չունեցող ձեռնարկություններ: Սերգեյ Սացուկը նախապես նամակ էր հանձնել գործընկերներին, որտեղ ասել է, որ ամենայն հավանականությամբ իրեն բանտարկելու են:

Ինչպես ‘’Ամերիկայի Ձայն’’-ի զրուցակիցն է ասում, ‘’Նման դատավարությունները շարունակվում են, և այժմ կարելի է ասել, որ Բելառուսում գործնականում չկան անկախ լրատվամիջոցներ։ Սակայն կան լրագրողներ ու լրատվամիջոցներ, որոնք աշխատում են դրսից’’:

Արամ Վանեցյան

Աննա Պլոտնիկովա