Կուլեբան Բլինքենին է տեղեկացրել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ իր հանդիպման մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուրբաթ օրը զրուցել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայի արտգործնախարարի վերջերս կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Անթալիայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուիի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Բլինքենն իր հերթին Կուլեբային տեղեկացրել է ԱՄՆ-ի կողմից G7-ի և ԵՄ-ի հետ համաձայնեցված համատեղ գործողությունների մասին՝ Ռուսաստանի վրա ճնշումներն ուժեղացնելու նպատակով։

«Նա վերահաստատեց ԱՄՆ-ի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ուկրաինայի ժողովրդին անվտանգության, տնտեսական և հումանիտար շարունակական աջակցությանը, քանի որ վերջիններս բախվում են ռուսական ուժերի կողմից ավելի ու ավելի դաժան ռմբակոծություններին», - նշել է պետքարտուղարությունը:

Զրուցակիցները մտավախություն են հայտնել, որ Ռուսաստանը ընդլայնում է ապատեղեկատվության իր արշավը՝ փորձելով թյուրիմացության մեջ գցել համաշխարհային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ը։

Պետքարտուղարը ներկայացրել է ԱՄՆ-ի և համաշխարհային հանրության ջանքերը՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի դեմ իր կանխամտածված, չհրահրված և չարդարացված պատերազմի համար: Նա նաև ներկայացրել է Բելառուսին պատասխանատվության ենթարկելու քայլերը՝ ռուսական ագրեսիային աջակցություն ցուցաբերելու համար: