Հունաստանի ամենամեծ Կրետե կղզում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ. կան զոհեր 

Երկուշաբթի օրը սեպտեմբերի 27 -ին Հունաստանի ամենամեծ Կրետե կղզում գրանցվել է 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր: Երկրաշարժը մեծ ավերածություններ է գործել Կրետեում

Հույն սեյսմոլոգները արձանագրել են նաև ուժեղ հետցնցումներ: Դրա մասին տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը:

Եկեղեցու գմբեթի փլուզման արդյունքում մեկ մարդ է զոհվել: Մի տղամարդ է մահացել Արկալոչորի քաղաքի մի փոքրիկ եկեղեցու գմբեթի փլուզումից հետո, որը գտնվում է Հերակլիոն քաղաքից մոտ 30 կիլոմետր դեպի հարավ: Այստեղ ընթանում էին վերանորոգման աշխատանքներ:

Քաղաքի կենտրոնում գտնվող բազմաթիվ տներ և շենքեր նույնպես վնասներ են կրել:

Կրետեի փրկարար ծառայության ղեկավար Ստավրոս Կալոգիանակիսը պատմում է, որ եկեղեցու պատերը կանգուն էին մնացել, սակայն ամբողջ տանիքը փլուզվել էր՝ առաջացնելով մեկ մետր բարձրությամբ փլատակներ: Զոհվածի մարմինը դուրս է բերվել ծանր տեխնիկայի օգնությամբ:

Քաղաքացիական պաշտպանության մարմինները հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով տուժել է 9 մարդ:

«Մենք կշարունակենք զգոն լինել ողջ օրվա ընթացքում», - ասել է Ստավրոս Կալոգիանակիսը:

Հունական սեյսմոլոգիական ծառայությունները հայտնում են, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,8 բալ, իսկ էպիկենտրոնը գտնվում էր Արվի քաղաքից 23 կիլոմետր հեռավորության վրա:

Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,5 բալ, իսկ Միացյալ Նահանգների ծառայությունը հաղորդել է 6 բալի մասին: