ԱՄՆ երկարաձգել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի կասեցումը, որի արդյունքում Վաշինգտոնը կշարունակի ուղիղ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ներառյալ ռազմական։ Երկարաձգումը հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից և ուժի մեջ մտել ապրիլի 26-ից: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակը ի պատասխան Ամերիկայի ձայնի հայկական բաժնի հարցման:
Պետքարտուղարի խոսնակի խոսքով՝ 1992 թվականից ի վեր ԱՄՆ-ն Ադրբեջանին է տրամադրել ավելի քան 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի օգնություն, այդ թվում ՝ ավելի քան 6 միլիոն դոլարի օժանդակություն COVID- ի դեմ պայքարի համար և մոտ 10 միլիոն դոլարի ուղիղ օգնություն:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 կոնգրեսականներ երկու կուսակցություններից դիմել են Ներկայացուցիչների պալատի հատկացումների գծով հանձնաժողովին` կոչ անելով Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ պետքարտուղարության և Միջազգային զարգացման գործակալության խողովակներով տրամադրել ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն: Այս փաթեթը ներառում է օժանդակություն Հայաստանի տնտեսությանը, պետական կառավարման և դատաիրավական բարեփոխումներին ու անվտանգության ոլորտին, ինչպես նաև աջակցություն Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ ազգաբնակչությանը և այստեղ ականազերծման ծրագրի իրականացմանը:
Դրա հետ մեկտեղ նամակում ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել չերկարաձգել 907-րդ բաժնի կասեցումը և դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին: Հիշեցնենք, որ 907-րդ բաժինն ընդունվել է 1992 թվականին, որով ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ Բաքուն ակնհայտ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման սպառնալիքի վերացման ուղղությամբ։ 2002թ․ԱՄՆ Կոնգրեսն օրենսդրական փոփոխություն կատարեց 907-րդ բաժնի վերաբերյալ, որով վարչակազմին հնարավորություն տրվեց ամեն տարի ժամանակավորապես կասեցնել օրենքի այս դրույթի կատարումը և ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին: Ամեն տարի մարտ-ապրիլ ամիսներին ԱՄՆ-ի վարչակազմը երկարաձգում է 907-րդ բաժնի կասեցումը։ Այն երկարաձգվեց նաև այս տարի:
Հիշեցնենք նաև, որ ԼՂ վերջին պատերազմի օրերին, երբ ԱՄՆ-ում ընթանում էր նախընտրական պայքար, այդ ժամանակ դեռևս նախագահի թեկնածու Ջո Բայդենի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ, ուր կոչ էր արել Թրամփի վարչակազմին, չերկարաձգել 907-րդ բաժնի կասեցումը և դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին: ԱՄՆ պետքարտուղարի խոսնակն ընդգծում է՝ Վաշինգտոնն արժեվորում է Բաքվի հետ իր գործընկերային հարաբերությունները: