«Պարոն նախագահ, ընդամենը հինգ օրից աշխարհը կնշի 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված 1.5 միլիոն հայ կանանց, տղամարդկանց և երեխաների սիստեմատիկ սպանության և տեղահանման 106-րդ տարելիցը: Դա կլինի Ձեր նախագահության առաջին ապրիլի 24-ը և Ձեր առաջին հնարավորությունը` պահպանելու Ցեղասպանությունը ճանաչելու Ձեր խոստումը և այս հարցում տասնամյակների Ձեր առաջնորդությունը»:
Կոնգրեսականը կոչ է արել նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Հարյուր հազարավոր ամերիկահայերի, ցեղասպանությունից մազապուրծ փրկված երեխաների ու թոռների անունից ես խնդրում եմ Ձեզ.
Պահեք այդ խոստումը: Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը»:
Շիֆն ընդգծել է, որ Ցեղասպանության մասին փաստերը գրանցվել են ամերիկացի դիվանագետների կողմից, որոնք նշել են, որ դա մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող սպանդ էր: Նա նշել է, որ Բայդենը շատ լավ գիտի այս փաստերը և խոսել է դրանց մասին որպես նախագահի թեկնածու:
«Որպես նախագահ՝ այժմ Դուք ունեք իշխանություն՝ ուղղելու տասնամյակների սխալները և դրանով իսկ իմաստավորելու Ձեր նախորդ հայտարարությունը, երբ Դուք ընդունեցիք Ցեղասպանությունը և ասացիք, որ «լռությունը մեղսակցություն է»,- նշել է Շիֆը:
Նա նաև ասել է, որ ցեղասպանության վտանգ այսօր կա Արցախում, որտեղ Ադրբեջանը՝ Թուրքիայի օգնությամբ, պատերազմ է սանձազերծել հայերի դեմ՝ սպառնալով հնարավոր նոր ցեղասպանությամբ:
«Պարոն Նախագահ, մենք չպետք է ապավինենք էվֆեմիզմի կամ կիսատ ճշմարտությանը: 1.5 միլիոն հայերի սպանությունը իրական վայրագություն էր: Ժողովուրդ և մշակույթ բնաջնջելու ձգտումը այլ տեսակի չարիք է, և մենք չունեինք խոսքեր նման չարիքը նկարագրելու համար մինչև այն պահը, երբ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրը»,-գրել է Շիֆը՝ ընդգծելով, որ ցեղասպանության ժխտումը «կրկնակի սպանություն» է:
«Իմ խորին ցանկությունն է, որ Դուք ասեք ճշմարտությունը իր ողջ սարսափով հանդերձ և ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակել է նամակը կոնգրեսական Ադամ Շիֆը: