Նախկին նախագահ Թրամփն արդարացվեց Սենատում

Սենատը չհավաքեց անհրաժեշտ թվով ձայներ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու համար: Մարտահրավերներ հանրապետականների և դեմոկրատների համար

ԱՄՆ Սենատում կայացավ քվերակություն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ իմփիչմենթի վերաբերյալ, որի արդյունքում Թրամփին մեղավոր ճանաչելու օգտին քվեարկեց 57 սենատոր անհրաժեշտ 67 ձայնի փոխարեն, և նախկին նախագահ Թրամփն այսպիսով արդարացվեց:

Չնայած դրան՝ վերջինիս ապագան շարունակում է մնալ անորոշ: Իմփիչմենթի աջակիցների թվում էին Հանրապետական կուսակցության 7 սենատորներ: Քվեարկությունից հետո իր խոսքում ԱՄՆ Սենատում հանրապետականների փոքրակասնության ղեկավար Միթչ Մաքքոնելն ասել է, որ նախագահը «չի կատարել իր աշխատանքը, քայլեր չի ձեռնարկել դաշնային օրենքի կիրառման և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ»: Սակայն այս ամենն, ըստ սենատորի, իրավունք չի տալիս Սենատին իմփիչմենթ հայտարարել արդեն հեռացած նախագահին: Նա հավելեց, սակայն, որ գործն ավարտված չէ և կարող է տեղափոխվել քրեական կամ քաղաքացիական դատարաններ:

Թրամփն անմեղ է ճանաչվել ԱՄՆ կառավարության դեմ բռնություն հրահրելու մեջ այն բանից հետո, երբ նրա կողմնակիցները ներխուժեցին Կոնգրես հունվարի 6-ին ՝ վրդովված Թրամփի անհիմն պնդումներից, թե Ջո Բայդենը կեղծել է ընտրություններն ու գողացել Թրամփի տարած հաղթանակը:

Դեմոկրատները հայտարարել են, որ Թրամփի պատասխանատվությունն այս հարցում ակնհայտ է: Յոթ հանրապետականներ համաձայն էին նրանց հետ, բայց մյուսներն ասում էին, որ տրամադրված ապացույցները բավարար չեն:

Բայդենը կոչ արեց միասնության: Նա ասաց, որ յուրաքանչյուր ամերիկացու պարտականությունն է ու պատասխանատվությունը պաշտպանել ճշմարտությունը: Մեր պատմության այս տխուր գլուխը հիշեցրել է մեզ ժողովրդավարության փխրուն լինելու մասին, որ այն միշտ պետք է պաշտպանված լինի, իսկ մենք՝ միշտ զգոն լինենք, ասել է նախագահը՝ հավելելով, որ Ամերիկայում չկա տեղ բռնությանը և ծայրահեղականությանը:

Ողջունելով Սենատի քվեարկության արդյունքներն իր հերթին՝ Թրամփը իմփիչմենթի փորձը որակեց որպես հերթական «վհուկների որս», իսկ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իմփիչմենթի դեմ քվեարկած հանրապետականներին անվանեց «վախկոտներ»:

Reuters / Ipsos համատեղ հարցման արդյունքում ԱՄՆ մեծահասակների 71 տոկոսը և հանրապետականների կեսը կարծում են, որ Թրամփը մասամբ է պատասխանատու անկարգությունների համար:

Վիրջինիայի համալսարանի վերլուծաբան Բարբարա Փերիի կարծիքով այնպես է ստացվում, որ հանրապետականների զգալի մասը Ջո Բայդենին ընդունում է որպես ոչ լեգետիմ նախագահ: Հանրապետական առաջնորդները պնդում են, որ դա այդպես չէ: Ըստ Փերիի, Թրամփի կողմնակիցները հասել են իրենց ուզած քաղաքական որոշումների իրագործմանը:

Դրանց թվում են հարկերի կրճատումը, պետական կարգավորման մեղմացումը, պահպանողական դաշնային դատարանները, պահպանողական Գերագույն դատարանի կազմըինչպես նաև ագրեսիվ արտաքին քաղաքականությունը և կոշտ մոտեցումը սահմանների վերահսկման հարցում, ասում է նա:

Մինչդեռ, նախագահ Ջո Բայդենի և Կոնգրեսի դեմոկրատների առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ: «Դեմոկրատները պետք է դուրս բերեն երկիրը COVID-19 համաճարակից և վերականգնեն տնտեսությունը», - ասում է Բրուքինգսի հաստատության վերլուծաբան Էլեյն Կամարկը:

Թրամփն ունի բավականին մեծ ընտրազանգված: Հանրապետականների շրջանում ոմանք նրան դատապարտում են, իսկ ոմանք էլ` միայն հանդուրժում:

Կամարկի և Բրուքինգսի հաստատության նրա գործընկերների կարծիքով Թրամփի ապագան դեռևս անորոշ է: Հնարավոր են տարբեր սցենարներ՝ սկսած Թրամփի կողմից Հանրապետական կուսակցությունը գլխավորելուց և 2024 թ.-ին կրկին հաղթելուց մինչև նրա կալանավորումը կամ արտաքսումը Ռուսաստան, Սաուդյան Արաբիա կամ այլ վայր:

Կոնգրեսի կողմից արդարացված Թրամփը, սակայն, շարունակում է մնալ բազմաթիվ դատախազների թիրախում ՝ իր գործարար գործունեության համար: