Հռոմի Ֆրանցիսկոս Պապն իր ուղերձում կոչ արեց խաղաղության

Հիվանդության սրման պատճառով Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը ստիպված էր բաց թողնել ամանորյա եկեղեցական ծառայությունները

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կրկին հայտնվեց հանրության առջև ուրբաթ օրը` հունվարի 1-ին: Քրոնիկական հիվանդության պատճառով Ֆրանցիսկոս Պապը ստիպված էր բացակայել Ամանորի եկեղեցական ծիսակատարությունից: Նա չխոսեց իր վատառողջության մասին՝ հանդես գալով իր ավանդական ամանորյա ուղերձով:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը չի կարողացել մասնակցել պատարագին հինգշաբթի և ուրբաթ առավոտյան մեջքի ստորին հատվածում ցավերի պատճառով: Նրա մոտ ախտորոշվել է ռադիկուլիտ:

2013 թ.-ին Հռոմի Պապ դառնալուց ի վեր Ֆրանցիսկոսը, ով անցյալ ամիս բոլորեց 84-րդ տարին, առաջին անգամ առողջական խնդիրներից ելնելով, չի կարողացել պատարագ մատուցել Վատիկանում: Սակայն այսօր Վատիկանի պալատի գրադարանում հանդես գալով ելույթով՝ նա որևէ հիվանդության նախանշան ցույց չտվեց:

«Այսօրվա կյանքը ղեկավարվում է պատերազմով, թշնամանքով և շատ կործանարար երևույթներով: Մենք խաղաղություն ենք ուզում: Դա շնորհ է»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը` հավելելով, որ կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամի արձագանքը ցույց տվեց երկրների և ժողովուրդների միջև պատասխանատվության բաշխման կարևորությունը:

«Ցավալի իրադարձությունները, որոնք նշանավորեցին մարդկության ճանապարհը վերջին մեկ տարվա ընթացքում, հատկապես համաճարակը, մեզ սովորեցրին, թե որքան անհրաժեշտ է հետաքրքրվել ուրիշների խնդիրներով և կիսվել նրանց հուզող հարցերով», - նշեց նա:

Կեսօրվա օրհնությունը սովորաբար տրվում է Սուրբ Պետրոսի հրապարակ նայող պատուհանից, բայց այս անգամ այն տեղափոխվել է ներս ՝ մարդկանց բազմությունը կանխելու և COVID-19- ի տարածումը սահմանափակելու համար:

Ֆրանցիսկոս Պապն ընդգծեց Եմենում իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունը: Երկիրը ավերվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի և Իրանի հետ կապված Հութի շարժման վեցամյա հակադրման և առճակատման պատճառով: Առնվազն 22 մարդ է զոհվել չորեքշաբթի օրը Ադենի օդանավակայանի վրա հարձակման արդյունքում: Հարձակումը հանգեցրել է պատասխան հարվածների կոալիցիոն ուժերի կողմից:

«Ես տխրություն և անհանգստություն եմ հայտնում Եմենում իրավիճակի հետագա սրման կապակցությամբ, որը հանգեցնում է մեծ թվով անմեղ մարդկանց մահվան», - ասել է Ֆրանցիսկոս Պապը: «Եկեք մտածենք Եմենի սոված երեխաների մասին, որոնց հասանելի չէ կրթությունն ու բժշկությունը»: