Թրամփի հիվանդության պատճառով ընտրապայքարը փոխում է որակը, սակայն չի փոխում նպատակը

Աշխարհում կորոնավիրուսով մինչ այժմ վարակվել է 35 միլիոն մարդ: Նրանցից մեկն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է, որը հավատացած է, որ հիվանդությունը հաղթահարելու է ոչ միայն ինքը, այլ նաեւ աշխարհը:

Նրան բուժող բժիշկները կիրակի օրը հայտարարեցին, որ բուժումներն իրականացնում են ստերոիդ տեսակի դեքսամետազոնով, միեւնույն ժամանակ հույս հայտնելով, որ նախագահը Սպիտակ տուն կարող է վերադառնալ երկուշաբթի օրը:

Ինչ վերաբերում է փոխնախագահ Մայք Փենսին եւ փոխնախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին, ապա պետք է ասել, որ Թրամփի հիվանդությունը չի դարձել պատճառ նրանց միջեւ չորեքշաբթի օրը նախատեսված բանավեճը հետաձգելու համար:

Թրամփի հիվանդությունը, սակայն, ստիպել է Բայդընի ընտրարշավին փոխել Թրամփի նկատմամբ այս պայքարի ընթացքում ցուցաբերվող մոտեցումը: Օրինակ հանել են Թրամփի դեմ բացասական թեմաներով գովազդները: Սակայն իրական պայքարը շարունակում է ընթանալ: Այս պահին, երբ հարցումների համաձայն, Բայդընի վարկանիշն ունի որոշ առավելություն, Թրամփը ժամանակահատվածը փորձում է օգտագործել դեռեւս չկողմնորոշված ընտրողներին իր կողմը հրավիրելու համար:

Ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, դա նրան կհաջողվի անել, եթե կարողանա հանդես գալ ավելի կարեկցական ձայնի երանգով եւ կարողանա վստահեցնել նրանց, որ համաճարակի լրջությունն ինքն այժմ ընդունում է ավելի գիտակից կերպով:

Իսկ ‘’եթեները’’ մինչեւ ընտրություններն ընկած չորս շաբաթների ընթացքում դեռեւս կշարունակվեն ու գուցե ավելանան, քանի որ ամեն մի իրադրություն առաջ է բերում նոր ‘’եթե’’: