Լուրեր ԱՄՆ-ից. Սեպտեմբերի 30

ԱՄՆ-ի նախագահական երկու թեկնածուների միջեւ առաջին բանավեճի վեճը

ԱՄՆ-ի նախագահական երկու թեկնածուների միջեւ հեռուստատեսային առաջին բանավեճն աչքի ընկավ միմյանց նկատմամբ ընդգծված հակակրանքի դրսեւորումներով: Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը դեմոկրատ իր մրացակից Ջո Բայդընին ընդհատեց 73 անգամ եւ վերջինս երկրի նախագահին մի քանի անգամ ասաց ‘’կտրիր ձայնդ’’, երբ վիճաբանում էին համաճարակի, առողջապահական համակարգի ու տնտեսության շուրջ:

Նախագահ Թրամփը հրաժարվեց դատապարտել սպիտակ ծայրահեղականներին, Ջո Բայդընին էլ չհաջողվեց արդարանալ 1993 թվականին արտասանած ելույթում ‘’մեր փողոցներում շրջող գիշատիչներ’’ արտահայտության համար:’

Առաջին բանավեճից հետո ամերիկացիները տատանվում են ասել, թե թեկնածուներից որ մեկը հաղթեց, սակայն հարցումները ցույց են տալիս, որ Ջո Բայդընը մի քանի տոկոսով ավելի համակիրներ ունի:

Ընտրելու իրավունք ունեցողների տասը տոկոսը դեռեւս չի կայացրել որոշում, թե որ թեկնածուի օգտին է քվեարկելու:

Հռոմում հանդիպում են ունեցել Իտալիայի եւ ԱՄՆ-ի արտգործնախարարները

‘’Մեզ մտահոգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ շփման գոտում ռազմական գործողությունների ուժգնացման փաստը, ինչը մեծ վնաս է հասցնում խաղաղ բնակչությանը եւ տարածաշրջանային կայունությանը’’: Այս մասին է հայտարարել Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն, ԱՄՆ-ի իր պաշտոնակից Մայք Փոմփեոյի հետ Հռոմում անցկացված հանդիպման ժամանակ: ‘’Այս նոր ճգնաժամը ցույց է տալիս, որ հարկավոր է վերսկսել Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններն առանց նախապայմանների’’, ասել է նա ու ավելացրել, որ Իտալիան հենց այս պահին պատրաստ է կատարել աշխատանքերի իր բաժինը ու տեղեկացրել, որ պատրաստվում է զրուցել Հայաստանի ու Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ:

Ինչ է ասում ամերիկյան մամուլը Ղարաբաղյան պատերազմի մասին

Անդրադառնալով Ղարաբաղյան պատերազմի շարունակությանը, ամերիկյան ‘’Նյու Յորք թայմս’’ թերթը գրում է, թե այստեղ նկատելի է հակամարտության սրումն ու ընդլայնումը: Ժամանակ առ ժամանակ գրանցվող բախումները այլեւս փոխել են իրենց ծավալը, եւ դրա պատճառը Թուրքիայի կողմից Ադրբեջանի նկատմամբ բացահայտ աջակցությունն է’’, գրում է թերթը:

Foxnews-ի կածիքով արդեն չորրորդ օրը շարունակվող մարտերը ցույց չեն տալիս շուտ ավարտվելու նշաններ: Այն հիշեցնում է Հայաստանի արտգործանախարարի խոսքերն այն մասին, որ Թուրքիայի զինված ուժերը լրջորեն են վնասում տարածաշրջանային կայունությանը եւ թշնամական գործողությունները դադարեցնելու միջազգային համայնքի ջանքերը

NBC news հեռուստակայանը, անդրադառնալով Թուրքիայի միջամտությանը, հիշեցնում է Օսմանյան կայսրության կողմից 1 եւ կես միլիոն հայերի բնաջնջելու պատճառով Հայաստանի ու Թուրքիայի միջեւ շարունակվող հակամարտության մասին, ու ենթադրում, որ իրադարձությունների ամենավատ սցենարը կլիներ պատերազմում Ռուսաստանի ու Թուրքիայի ներքաշումը, որը կարող է ապակայունացնել ամբողջ Հարավային Կովկասը`ընդգրկելով նավթի ու գազի խողովակաշարերը: