Հանուն մարդկության ապահովության` մարդասիրական աջակցությունը և դրան հակադրվող` բրոկոլի կաղամբների դավադրությունը

Ապատեղեկատվությամբ, կեղծիքով, բամբասանքով և խեղաթյուրված տվյալներով լցվում է այն տարածքը, որտեղ կա անորոշություն, -բացատրում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը․ «Հիմա կարծես ջունգլիներում ենք գտնվում կամ գազանանոցում, ամեն կողմից գալիս է ապատեղեկատվություն, ինչն իր պատճառներն ունի՝ ճշգրիտ ինֆորմացիան շատ քիչ է»։ Փաստ է, որ կորոնավիրուսի մասին բոլորիս գիտելիքները թերի են ու անորոշ, ամեն օր տեղեկատվություն է փոխվում, և այդ անորոշությունը ծնում է միֆեր, կեղծիքներ, իսկ հաճախ այդ ապատեղեկատվությունը ուղղորդված է հատուկ նպատակներով․

«Կան մարդիկ, որոնք դավադրապաշտական ինչ-որ հունի մեջ են եղել միշտ, և հիմա իրենց աստեղային ժամն է, կարող են ամեն ինչի մասին ուզած բանը հորինել և ունեն բազմաթիվ հետևորդներ, կլինեն մարդիկ, որ կհավատան։ Եթե հիմա հայտարարենք՝ սա բրոկոլի կաղամբների դավադրությունն է մարդկության դեմ, ենթադրում եմ, որ մի քանի հարյուր լայք կհավաքենք, - կատակում է մեդիափորձագետը»։

Այդպիսի ապատեղեկատվության թիրախ են ամերիկյան աջակցությամբ վերանորոգված և վերազինված լաբորատորիաները, որոնց նպատակը վտանգների կանխարգելումն է․հենց այնպիսի դեպքերում, ինչպիսին կորոնավիրուսի համավարակն է։

«Թեման նոր չէ,սկվեց 2016-17 թվականներից» ,- ասում է Սամվել Մարտիրոսյանը,- «և հիմա, երբ ապացուցվում է այդ լաբորատորիաների արդյունավետությունն ու անհրաժեշտությունը, նոր ալիքով թափ է առնում դրանց շուրջ հյուսված կեղծիքների հոսքը»։

«Ապատեղեկատվության այս տեսակն արդեն միջազգային կարգի է, այսինքն՝ ավելի լայն բնույթի տեղեկատվական հակամարտություններ՝ միջերկրական կամ միջմայրցամաքային։ Օրինակ, Ռուսաստանում կա մի թև, անվանենք՝ կայսերական գաղափարախոսության կրող քաղաքական գործիչներ, որոնք այս իրավիճակն ընկալում են նույնիսկ ոչ թե Ռուսաստան- Արևմուտք, այլ՝ Արևմուտք- Սովետական միություն կամ ռուսական կայսրություն հակամարտության մեջ։ Նրանք մեզ ընկալում են , որպես սատելիտներ, նախկին գաղութներ և պարբերաբար մեզ ներգրավում են նմանատիպ գործողությունների մեջ։ Ու հիմա էլ Հայաստանը՝ որպես գործոն, ներգրավված է մի շարք տարօրինակ տեղեկատվական օպերացիաների մեջ, որտեղ հայտարարում են՝ շատ լուրջ, թե կորոնավիրուսը Հայաստանում է ստեղծվել։ Այս թեման շրջանառվում էր նախկին իշխանությունների օրոք, խոսվում էր, թե այդ լաբորատորիաներում պատրաստվում է, ինչ-որ կենսաբանական զենք ամերիկացիների համար, ցույց էր տրվում, թե ովքեր են հայաստանյան իշխանություններում ամերիկյան հետախուզության մանկլավիկները։ Հետո դա շատ սիրուն անցավ նոր իշխանությունների վրա, նույնիսկ այնքան մեծ էր աղմուկը, որ ամենաբարձր մակարդակով քննարկվեց, որ ռուսաստանյան մասնագետները մուտք կստանան այդ լաբորատորիաներ։ Հիմա էլ թեման նորից էքսգումացիայի է ենթարկվել, գերեզմանից հանել են, պարեցնում են, ու, արդեն կորոնավիրուսի հետ կապված, ասում են, թե կորոնավիրուսն այստեղ է ստեղծվել, մշակվել, աշխարհի ջանը գցվել»։

Մեդիափորձագետն իր փորձից եզրակացնում է , որ հիմա ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ ինչ էլ ասես՝ կգտնես լսարան, և հաշվի առնենք, որ կա մարդկանց մեծ բանակ, որոնք ապրում են այս Արևմուտք-Ռուսաստան դիսկուրսի մեջ, և , բավական է, գցվի այդպիսի մի լուր, արդեն մարդիկ սկսում են կասկածել, ենթադրել, հավատալ և այլն։ -«Թվիթերում կամ ՖԲ-ում ռուսաստանյան փորձագետների կողմից, թեև այդ մարդկանց դժվար է անվանել փորձագետ, կան հրապարակումներ, որոնք հազարավոր, եթե ոչ՝ տասնյակ հազարավոր, տարածումներ ունեն։ Այնպես որ՝ դա միայն զավեշտ չէ, դրանց մարդիկ հավատում են իրականում, և չգիտես՝ հետո ինչ կհորինեն այդ պրոպագանդիստները այս թեմայի շուրջ։

Դե իսկ բրոկոլի կաղամբի շուրջ հյուսվող միֆերը ժամանակ առ ժամանակ կարող են ի հայտ գալ, ավելի ու ավելի ֆանտաստիկ մոտիվներով։ «Ահա հիմա COVID 19 հիվանդության հետ կապված սրվել են տարբեր երկրների մեղադրանքները մեկը մյուսի նկատմամբ՝ ԱՄՆ-ն մեղադրում է Չինաստանին, և հակառակը, և այդ մեղադրանքների հորձանուտում ակտիվ դեր ունի Ռուսաստանը, - ասում է Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը։- Ըստ նրա, եթե քիչ մարդ է կարդում անգլերեն, առավել քիչ՝ չինարեն, ապա ռուսերեն կեղծ լուրերն անհամեմատ արագ են տարածվում, և մարդիկ, դժբախտաբար, հավատում են դրանց։ Ինչը, դիվանագետի կարծիքով, վտանգավոր է, քանի որ այս վտանգավոր հիվանդության շուրջ ստեղծվող կեղծ տեղեկատվությունը ստեղծում է անվստահության մթնոլորտ, մարդիկ չեն ենթարկվում սահմանափակումներին, ամենուր դավադրության տեսություններ են փնտրում․ «Սա պարզ սուտ ու կեղծիք չէ, այս դեպքում դա կարող է տասնյակ և հազարավոր մարդկանց կյանքեր արժենալ»։

Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին ռուսական սահմանների մոտ «ռազմական կենսաբժշկական գործունեության համար, կասկած հայտնելով, թե իրենց սահմաններին բավականին մոտ այդ լաբորատորիաներում գեներացվում է կեսաբանական զենք՝ ընդդեմ Ռուսաստանի կիրառելու նպատակով։Եվ դա այն դեպքում, երբ ռուս մասնագետների մուտքը երբևէ արգելված չի եղել, իսկ այդ հիմնարկների խաղաղ գիտահետազոտական բնույթը բազմիցս ապացուցված է։

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթի խոսքերով, «Ռուսաստանը այդ հին սուտը կրկին ու կրկին տարածում է, խոսելով Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի լաբորատորիաների մասին: Մենք տեսնում ենք, ինչպես են այդ սուտը տարածում Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող քաղաքական ուժերը, լրատվամիջոցները: Վերջերս նկատելի է նաեւ, որ այդ ռուսական ապատեղեկատվությունը լաբորատորիաների վերաբերյալ սկսել է տարածել նաեւ Չինաստանը: Մինչդեռ, կրկնեմ, հենց այդ լաբորատորիաներում է կատարվում կորոնավիրուսի թեստավորումը, հենց այդ լաբորատորիաներն են օգնում երկրներին պայքարել COVID վարակի տարածման դեմ»: «Վրաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում այդ լաբորատորիաների միջոցով է կատարվում թեստավորումը եւ պայքարը կորոնավիրուսի դեմ հենց հիմա»:

Հայաստանն այս պահին ունի կորոնավիրուսին դիմակայելու որոշակի կարողություններ՝ տեխնիկական առումով և մասնագետների գիտելիքների առումով և դա նրա շնորհիվ, որ միջազգային հանրության աջակցությամբ կան մասնագիտացված, ժամանակակից սարքավորումներով վերազինված լաբորատորիաներ։ Դրանք ստեղծվել են հիմնականում խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած ֆիզիկապես և բարոյապես քայքայված, այսպես կոչված, սանէպիդ կայանների հիման վրա։ Ընդամենը մոտ 7 տարի առաջ, ովքեր բախտ են ունեցել տեսնել այդ կայանները, տխուր հիշողություններ ունեն․ Սամվել Մարտիրոսյանի բնորոշմամբ, օրինակ, դրանք նման էին 20-րդ դարի սկզբի սարսափ ֆիլմի։

Լաբորատորիաների վերականգնման, վերազինման աշխատանքներն իրականացվել են Միացյալ Նահանգների աջակցությամբ և դա այսօր համարվում է ամենաարդյունավետ ներդրումներից մեկը, որը կենսական նշանակություն ունի մարդկանց կյանքի և առողջության պահպանման համար։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ամերիկյաի Ձայնին» տված հարցազրույցում նշում է․

«Աջակցության այլ ոլորտներ եւս կան՝ վտանգի պաշտպանական նվազեցման գործակալությունը Հայաստանի առողջապահության նախարարության հետ ունի երկար եւ դրական գործընկերության պատմություն: Նույնը կարելի է ասել Վարակի կառավարման եւ կանխարգելման կենտրոնի մասին: Ոլորտներից մեկը, որտեղ այս երկու մարմինները միավորել են իրենց աշխատանքը, լաբորատորիաների կառուցումն ու վերազինումն է: Եվ կենտրոնական լաբորատորիան այժմ հենց անց է կացնում COVID-ի թեստեր, տրամադրում ապահով, ճշգրիտ եւ հուսալի թեստերի արդյունքներ»:

Պաշտոնական համագործակցության շրջանակներում որպես գործընկեր ռուսաստանյան համապատասխան մասնագետների մուտքը երբևէ արգելված չի եղել, նրանք ևս համարվել են հիվանդությունների կանխարգելման ազգայի կենտրոնի գործընկեր, այդ դեպքում որն է հատուկ հուշագրի և առանձնահատուկ հասանելիություն ունենալու պահանջի նպատակը ռուսական կողմից , դա դեռևս չի պարզաբանվել։ Ազգային կենտրոնը միշտ պահպանում է քաղաքական համերաշխությունը հավասար երախտագիտություն հայտնելու լաբորատորիայի կայացմանը աջակցած բոլոր գործընկերներին․թեև իհարկե նշվում է, որ դրանք ստեղծվել են հատկապես Միացյալ Նահանգների աջակցությամբ և աշխատանքի ամենածանր ու ծավալուն հատվածը կատարվել է այդ գործընկերոջ ջանքերով։ Կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը, ասում է, որ «մեր լաբորատորիաները, որոնք ունեին վերանորոգման կարիք, մենք կարողացանք վերականգնել ամերիկյան կառավարության աջակցությամբ, միաժամանակ մեր մյուս գործընկերները մեզ աջակցեցին՝ այդ թվում ԱՀԿ-ն, ռուս գործընկերները և այդպիսով ունեցանք այն լաբորատորիաները, որոնք ապահովված են համապատասխան կարողություններով, ուսումնասիրությունների համար կան արդիական սարքավորումներ, թեստավորման իրականացման հատուկ պայմաններ և աշխատակիցներն էլ ունեն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։ Այդ ամենը ստեղծվել է տարիների ընթացքում մեր գործընկերների շնորհիվ, առաջին հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ամերիկյան կառավարության, նաև մեր ռուս գործընկերների միջոցով»։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքէջում զետեղված՝ միջազգային գործընկերների մասին տեղեկատվությունը ներկայացնում է բազմաթիվ ամերիկյան կազմակերպություններ, բացի ԱՄՆ կառավարական աջակցությունից, և, իհարկե, կան եվրոպական, ռուսական և հետխորհրդային այլ պետությունների հետ համագործակցության տվյալներ։ Այս լաբորատորիաների թեման ոչ միայն Հայաստանում է հայտնվում մեղադրանքների և հարձակման ներքո, թեև, փաստորեն, մեղադրող կողմը, գոնե Հայաստանի դեպքում՝ վստահաբար, համագործակցության հնարավորություն ստացել է և ճշմարտությունն իրենց հայտնի է․ լաբորատորիաների իրական՝ խաղաղ նպատակներով գործարկման մասին։ Նրանց հայտնի է նաև, որ այդ լաբորատորիաները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը ու այնտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ։

Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում շեշտում է․ «մենք արդեն մի քանի տարի է աշխատում ենք այդ հայկական լաբորատորիաների հետ՝ նրանց կարողությունների հզորացման ուղղությամբ՝ կենսաբանական վտանգների բացահայտման և կենսահետազոտությունների իրականացման հարցում։ Եվ, ինչպես նոր կորոնավիրուսն ի ցույց դրեց աշխարհին, կենսաբանական վտանգները չեն ճանաչում սահմաններ, չեն հարգում սահմանները», մինչդեռ ապատեղեկատվությունը դրանց աշխատանքի վերաբերյալ մեկնարկել է այդ աշխատանքները մեկնարկի հետ միասին ու շարունակվում է մինչև օրս։ -«Իրականությունը միշտ էլ բացահայտվում է, և հիմա փաստերն ինքնին խոսուն են․ այս լաբորատորիաների աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել արդյունավետ արձագանքել համավարակային իրավիճակին։ Այս պահին ճշմարտությունն ակնհայտ է՝ ընդդեմ տարիներ շարունակ տարածված ապատեղեկատվության։ Իսկ ճշմարտությունն այն է, որ այդ լաբորատորիաների շնորհիվ Հայաստանը և աշխարհն առավել պաշտպանված են համավարակի նկատմամբ»։

2019 թ.-ի նոյեմբերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան պաշտոնական այցի ընթացքում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվեց լաբորատորիաների հետ համագործակցության համար հատուկ հուշագրի ստորագրման մտադրության մասին:

«Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագրի ստորագրման հարցը քննարկել ենք։ Մենք հետաքրքրված ենք, որ այս ոլորտում Հայաստանի հետ ունենանք լիակատար թափանցիկություն»,-ասաց Լավրովը։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշեց, որ կենսաբանական անվտանգությունը Հայաստանի համար շատ կարևոր է և հարցը վերաբերում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև փոխգործակցությանը՝ կենսաբանական անվտանգության ոլորտում։

«Հայաստանը բաց է համագործակցության համար, լաբորատորիաները Հայաստանինն են և որևէ երկրի վերահսկողության տակ չեն ու չեն կարող լինել»․ դա էլ բացատրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչու է խոչընդոտվում և երբ վերջապես կստորագրվի այդ հուշագիրը, որը «վերաբերում է Ամերիկայի կողմից ֆինանսավորվող լաբորատորիաներին»։

-«Առաջին հերթին այդ լաբորատորիաները չեն ֆինանսավորվում Միացյալ Նահանգների կողմից, դրանք ստեղծվել են ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ, բայց դրանք պատկանում են ՀՀ-ին», շեշտեց Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրեց, որ ոչ մի կողմնակի անձ մուտք չունի այդ լաբորատորիաներ՝ առանց Հայաստանի իշխանությունների թույլտվության։ Ամերիկացիները ազատ մուտք չունեն այնտեղ, և այս պահին նրանք կարող են ներս մտնել ճիշտ նույն կարգով, ինչպես Ռուսաստանի մասնագետները։ «Երբեմն ռուսական մամուլը ներկայացնում է, թե ամերիկացիները, երբ ուզենան ելումուտ կունենան, բայց դա այդպես չէ։ Դրանք վտանգավոր օբյեկտներ են, և այնտեղ աշխատում են հայ մասնագետներ, կողմնակի մարդկանց մուտքն արգելված է»։ Վարչապետը նշեց, որ հուշագիրը կարող էր ստորագրված լինել, բայց ռուսական կողմը որոշեց լրամշակել, երբ երկու կողմն էլ պատրաստ կլինեն ստորագրման, ապա այն կստորագրվի։ Հատկապես ինչ խմբագրման մասին է խոսքը, մանրամասնել՝ վարչապետը հրաժարվեց։

«Իսկ այն միտքը, որ հաճախ է սպրդում մամուլ, թե այնտեղ աշխատանքներ կարող են տարվել նախկին ֆինանսավորողների ՝ այսիքն ամերիկացիների ուղղորդմամբ»․ հարցի այսպիսի շարունակությանն էլ՝ վարչապետը հավելեց․- «Ես արդեն ասացի, որ դա Հայաստանի սեփականությունն է, և ասացի, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, հիմա ինչ, ուզում եք ասել՝ մենք աշխատում ենք ընդդեմ Ռուսաստանի՞, ուզում ենք վնասել Ռուսաստանին, մենք ներգրավված ենք դավադրության մե՞ջ՝ ընդդեմ Ռուսաստանի»։ Չկա նման բան, և չի կարող լինել, քանի որ այդպիսին չեն ռազմավարական գործընկերության մասին մեր պատկերացումները, ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ ԱԳՆ-ն բազմիցս հնչեցրել է իր պարզաբանումը․ «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների ՌԴ մասնագետների մուտքի իրավունքի մասին է, այլ, անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակին: Այդ Հուշագրի ներկայիս նախագծով չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը»: Հուշագրի նախագիծը ներկայումս հայկական կողմի գործընթացներում է, իսկ կորոնավիրուսի այս իրավիճակում այս պահին դրանով զբաղվելու ժամանակ, բնականաբար, ուղղակի չկա, և հայտնի չէ, թե երբ այն կստորագրվի։

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության կողմից Հայաստանում իրականացված Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագիրը, որի շրջանակներում վերանորոգվել և արդիականացվել են մարդու կամ կենդանիների վտանգավոր հիվանդությունների բռնկման ռիսկերը կանխարգելող լաբորատորիաները, եղել է Հայաստանում ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկը և մեկն ամենաարդյունավետներից։

Բացի լաբորատորիաների վերանորոգումներից և բարելավումներից` Հայաստանում իրականացվող Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում նաև տրամադրվել են արժեքավոր ռեսուրսներ, սարքավորումներ, անցկացվել ուսուցումներ` առողջապահության, գյուղատնտեսության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աջակցությամբ:

Այս աջակցությունը նվեր է ամերիկյան ժողովրդից Հայաստանի ժողովրդին՝ անվերադարձ և առանց նախապայմանների։ Ռուսական կողմը ամենատարբեր մակարդակներում ցուցաբերել է իր հետաքրքրությունն ու անհանգստությունը ամերիկյան այս աջակցության և հատկապես լաբորատորիաների վերազինման առումով․ թեման մշտապես համեմել են ամենատարբեր ենթադրություններով ու մեղադրանքներով ու դավադրությունների կասկածներով։ Ընդ որում, այդ կասկածները հնարավոր կլիներ օբյեկտիվորեն հնարավոր համարել, եթե իրականում ռուսաստանյան մասնագետների հետ ազգային կենտրոնը չունենար համագործակցություն և իրականությունն այդ կողմին անհայտ լիներ։ Իսկ ներկա իրավիճակում տարածվող կասկածը ապատեղեկատվության հենց այն օրինակն է, երբ ժխտվում է ապացուցված ճշմարտությունը՝ կեղծ մեղադրանքներ ձևավորելու հատուկ նպատակով, մեկնաբանում է Արա Պապյանը։ Նրա խոսքերով, ընդհանրապես տրամաբանական չէ գաղտնի կենսաբանական զենքի մշակման լաբորատորիան կառուցել երկրից այդքան հեռու, քանի որ ինֆորմացիայի արտահոսքը խիստ անցանկալի է ու վտանգավոր, ուստի Միացյալ Նահանգները այդ աշխատանքը կատարել է ոչ թե շահադիտական, այլ մարդասիրական մղումներով։

Ինչո՞ւ պետք է Միացյալ Նահանգները Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում ստեղծեր այդպիսի կարողություններ․ այս հարցը Արա Պապյանի համար ունի շատ պարզ պատասխան․ այսօր աշխարհը փոխկապակցված է և դինամիկ, վարակը՝ COVID-19-ը, որը ծագել է Ամերիկայից հազարավոր կիլոմետրեր հեռու, հասավ օվկիանոսից այն կողմ և միլիարդների վնասներ հասցրեց ԱՄՆ-ի տնտեսությանը, ուստի երիցս ճիշտ է, որ ապահով զգալու համար զարգացած երկրները պետք է աջակցեն այն երկրներին, որոնք չունեն վարակները կանխարգելելու մեխանիզմներ՝ ահա այսպիսի համավարակներից աշխարհը հնարավորինս զերծ պահելու համար․ «Մինչդեռ փորձ է արվում կենսաբանական ապահովության լաբորատորիաներին վերագրել ռազմական նպատակներ, ինչը կեղծ մեղադրանք և շահարկում է»։

Դեռ անցած դարասկզբին Հայոց ցեղասպանության տարիներին Միացյալ Նահանգներն առաջինը ձեռք մեկնեց հայ ժողովրդին՝ պատմությանն է հղում Արա Պապյանը․ Հերիք չէ՝ դա ամեն կերպ փորձեցին մոռացության տալ, հետո էլ փորձում են այդ մարդասիրական նպատակները ներկայացնել որպես շահադիտական մղումներ, իբրև ԱՄՆ-ն ցանկացել է ստրկացնել, ենթարկեցնել հայ ժողովրդին։Մեր ժողովուրդները միշտ սերտ հարաբերությունների մեջ են եղել։ «Հումանիզմի դրսևորման այս պատմական էջերը ևս փորձ է արվում կեղծել, իսկ ես՝ երախտագիտությունից դրդված, ամեն ինչ անելու եմ, որ դա տեղի չունենա, ասում է նախկին դեսպանը։