Նյու Յորքի մետրոն քաղաքի կարևորագույն տրանսպորտային միջոցներից է, որին ապավինում են նյույորքցիներն ու քաղաքի այցելուները: Հայտնի է, որ քաղաքային իշխանությունները կանգնեցրել են մետրոյի գիշերային աշխատանքը՝ գնացքները կորոնավիրուսի վտանգից ախտահանելու համար:
Այսուհետ մետրոն մասնակիորեն կփակվի առավոտյան 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, որպեսզի թույլ տա անձնակազմին ամեն երեկո վարակազերծել գնացքները: Դրա մասին անցած շաբաթ հայտարարել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն: Նա նշեց, որ քաղաքի ավտոբուսները նույնպես ենթարկվելու են սանմաքրման ամեն երեկո:
Հիշեցնենք, որ Նյու Յորքը հայտնվել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի էպիկենտրոնում: Քաղաքում գրանցվել է ավելի քան 25 հազար մահվան դեպք կորոնավիրուսի պատճառով: Ընդհանուր հիվանդների թիվն ավելի քան 325 հազար է:
Նյու Յորքում այս օրերին արձանագրվել է գարնանային տաք եղանակ, որի արդյուքում շատ նյույորքցիներ դուրս էին եկել զբոսանքի: Շատերն այցելել էին Մանհեթենի այգիներ, ուր ոստիկաններն ու այլ իրավապահները հետևում էին սոցիալական հեռավորության նորմերի պահպանմանը:
Միևնույնն ժամանակ քաղաքի մեկ այլ հատվածում ընթանում էր սգո արարողություն Կոլորադոյի նահանգից այստեղ եկած 66 ամյա բժիշկ Փոլ Քերիի մահվան կապակցությամբ, ով եկել էր Նյու Յորք ՝ կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար: Նա ուներ երկու զավակ և չորս թոռ: