Մսի պակաս ու գների բարձրացում` ԱՄՆ-ում փաթեթավորման գործարաններում վարակի տարածման արդյունքում

ԱՄՆ-ի որոշ նահանգներում կորոնավիրուսի պատճառով ուժի մեջ մտած սահմանափակումներն ու արգելափակումներն աստիճանաբար մեղմացվում են: Ջորջիան այդ նահանգներից առաջինն է: Սակայն բիզնեսները, որոնք ցուցաբերում են վերաբացվելու պատրաստակամություն, պիտի ունենան նաեւ սոցիալական տարածություն պահպանելու պատրաստականություն, պիտի հետեւեն սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին ու պարբերաբար բուժքննում անցկացնել աշխատավորների շրջանում:

Օրինակ վարսավիրանոցներում ստուգում են աշխատակիցների ջերմությունը, հաճախորդները լրացնում են տեղեկանք մինչեւ սպասարկվելը: Սակայն այս նահանգում կորոնավիրուսի տարածման արագությունը դեռեւս մեծանում է: Այդ պատճառով առողջապահության հարցերով փորձագետները լավատեսությամբ չեն նայում տնտեսությունը շուտափույթ վերաբացելու որոշմանը:

Նրանցից Ջեյսոն Ֆարլեյի խոսքերով, ‘’Տնտեսությունը բացելով, մենք հարված ենք հասցնում իմունային թույլ համակարգ ունեցող անձանց, ինչի արդյունքում կարող ենք կորցնել նրանցից շատերին’’:

Սակայն Ամերիկայում բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում են, անտեսելով վարակի վտանգը, վերաբացել տնտեսությունը, չնայած նրան, որ ըստ հարցումների, ամերիկացիների մեծամասնությունը կողմ է սահմանափակումները շարունակելուն:

Ինչ վերաբերում է երկրի ղեկավարին, ապա նախագահ Դոնալդ Թրամփն այդ որոշումը կայացնելու պատասխանատվությունը թողնում է նահանգների ղեկավարներին:

Վարակիչ հիվանդությունների հարցերով պրոֆեսոր Ուիլյամ Շաֆները միանում է այն փորձագետներին, որոնք պնդում են, որ տնտեսությունը եթե պիտի բացվի, ապա դա պիտի արվի աստիճանաբար, տեսնելու համար, արդյոք դրա արդյունքում չի մեծանում վարակի տարածման արագությունը:

Սակայն տնտեսությունը երկար փակ պահելը շատերն են համարում անհնար ու անթույլատրելի: Նյու Յորքը, որը գրանցել է ամբողջ ԱՄՆ-ում մահացությունների գրեթե կեսը, արդեն իսկ մտածում է փուլային եղանակով տնտեսությունը վերաբացելու մասին: Ինչպես նահանգապետ Էնդրու Քուոմոն է ասում, իրենք երկու շաբաթը մեկ անգամ պետք է համեմատեն հիվանդության ընթացքը տնտեսության վերաբացման արագության հետ:

Սակայն քանի դեռ տնտեսության մի շարք ճյուղեր մտածում են վերաբացվելու մասին, որոշ ճյուղեր նոր են սկսել փակվել: Մսի փաթեթավորման գործարաններում աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի տարածման արագությունը պատճառ է դարձել, որ փակվեն դրանցից 22-ը, ինչը սկսում է առաջ բերել մսամթերքի պակաս ու գների բարձրացում: Թրամփն արձակել է դրանք նորից բացելու նախագահական հրաման: