Իրանում հրաժեշտ են տալիս գեներալ Ղասեմ Սոլեյմանիին

Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին էր առաջնորդում Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության կրոնական արարողությունը, երբ հարյուր հազարավոր մարդիկ Թեհրանի փողոցներում սգում էին գեներալի մահը:
Իրաքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացված գրոհի արդյունքում սպանված Սոլեյմանիի հրաժեշտի արարողությանը մասնակցում էին նաեւ Իրանի նախագահը Հասան Ռուհանին եւ բարձրաստիճան մեծաթիվ պաշտոնյաներ:

Գեներալի դուստրն արարողության ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որով սպառնալիքներ է հնչեցնում ընդդեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի:

‘’Ամերիկան ու սիոնիզմը պիտի իմանան, որ հորս նահատակությունն ավելի է արթնացրել Դիմադրության ճակատի ժողովրդին, ինչը շուտով մութ օրեր կբերի նրանց ու կխորտակի նրանց երերուն հիմքերը’’, ասել է նա:

Նախորդ օրը նմանատիպ բազմամարդ արարողություն էր անցկացվել հարավարեւմտյան Ահվազ քաղաքում: Իրանում հայտարարված է եռօրյա սուգ: Սուլեյմանիի մարմինը հողին կհանձվնի երեքշաբթի օրը:

Որպես Իրանի Իսլամական հեղափոխական գվարդիայի արտաքին ճյուղի`Քուդս ուժերի գլխավոր հրամանատար, Սոլեյմանին է ղեկավարել երկրից դուրս Իրանի գաղտնի ու ռազմական գործողությունները:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ինքն է հրամայել հարձակում իրականացնել Սոլեյմանիի ավտոշարասյան դեմ` պնդելով, թե Սոլեյմանին է կազմակերպել ԱՄՆ-ի ու Իրաքի թիրախների դեմ հարձակումները եւ ծրագրել է ահաբեկչական այլ հարձակումներ:
Իրանը խոստանում է հանդես գալ ‘’շատ խիստ վրեժով’’: