Երկու վկաները մտահոգված են Թրամփի եւ Զելենսկիի միջեւ հուլիսի 25-ի հեռախոսազրույցով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցով Ներկայացուցիչների պալատում անցկացված լսումների ժամանակ երեքշաբթի օրը վկայություններով հանդես եկան ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով փորձագետներ, բանակի փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանը եւ արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ Մայք Փենսի խորհրդական Ջենիֆեր Ուիլյամսը։ Նրանք երկուսն էլ հայտարարեցին, թե մեծապես մտահոգված են Թրամփի եւ Ուկրաինայի նրա պաշտոնակից Զելենսկիի միջեւ հուլիսի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցով։ Վինդմանը, որը Սպիտակ տան ազգային անվտագության խորհրդում Ուկրաինայի հարցերով փորձագետ է, լսել է հեռախոսազրույցը, եւ թե ինչպես է Թրամփը Զելենսկիին խնդրում ՝՝անել լավություն՛՛ եւ հետաքննություն սկսել նախագահական թեկնածուներից Ջո Բայդընի ու նրա որդու հարցով։ Նրա խոսքերով, Թրամփի այս խնդրանքը որեւէ կապ չունի ԱՄՆ-ի ազգային անվտանգության հետ։ Նա կարծում է, որ Թրամփի այս խնդրանքը եղել է որպես ՝՝հրահանգ՛՛, որը կարող էր վնասել երկրի անվտանգությունը եւ Կիեւի հետ Վաշինգտոնի հարաբերությունները։

՝՝Դա ընդունված չափանիշներից դուրս էր՛՛, հայտարարեց արտաքին գերատեսչությունում 14 տարվա փորձառությամբ եւ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների ու երկրի նախագահների երկխոսություններին ներկա գտնված Ջենիֆեր Ուիլյամսը։ ՝՝Դա ինձ վրա քաղաքական ճնշման տպավորություն թողեց՛՛, հայտարարեց նա Ներակայացուցիչների պալատում։

Հանրապետական կոնգրեսականները սակայն շարունակում են դատապարտել իմփիչմենթի սկսված գործընթացը։ Ինչպես նրանցից Ջոն Ռեթքլիֆն է ասել, ՝՝Միայն Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին է Թրամփին մեղադրում ՝՝կաշառատվության՛՛ մեջ։ Սակայն վկաներից եւ ոչ մեկն այդ բառը չի գործածել Թրամփի հեռախոսազրույցը նկարագրելու համար։ 35ՕՕ էջանոց վկայություններում միայն մեկ անգամ է կիրառվում այդ բառը՛՛, ասել է հանրապետական կոնգրեսականը։

Իսկ ահա հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի խոսքերով, իմփիչմենթի հարցով հետաքննությունն անցկացնողները, այլ ոչ թե վկաները պիտի որոշեն, եղել է կաշառատվության հանցագործություն, թե ոչ։

Փելոսիի այն խոսքերին, թե ՝՝Նախագահը կարող է գալ ու հանձնաժողովի առջեւ խոսել ու ասել այն, ինչ ուզում է, կամ նամակով իր ասելիքը փոխանցել հանձնաժողովին, Թրամփը պատասխանել է, թե ինքը լրջորեն կքննարկի այդ առաջարկը։

Ինչպես փորձագետներն են ասում, եթե պատահի, որ Ներկայացուցիչների պալատն անվստահության քվե հայտնի՝ իմփիչմենթի մասին որոշում կայացնի, դատավարություն կսկսվի հանրապետական մեծամասնությամբ Սենատում, որտեղ նրան դատապարտելու հնարավորությունը ներկա պահին թվում է անհավանական։

Վկայություններով երեքշաբթի օրն ավելի ուշ հանդես էին գալու Ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Թիմ Մորիսոնը եւ Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին հատուկ դեսպանորդ Քուրթ Վոլքերը։