Իրանը հայտարարում է, որ շուտով կունենա  300 կգ հարստացված ուրան

Your browser doesn’t support HTML5

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը երկուշաբթի օրը հայտարարել է, որ այստեղ հարստացված ուրանի պաշարների ծավալը շուտով կանցնի 2015 թվականին կնքված պայմանագրով նախատեսված սահմանը:

Խոսնակ Բեհրուզ Քամալվանդիի խոսքերով, մինչեւ հունիսի 27-ը Իրանը կունենա ավելի քան 300 կգ հարստացված ուրան: Նա նշել է նաեւ, թե Թեհրանը կարող է վերանայել իր այս որոշումը, եթե պայմանագիրը ստորագրած մյուս երկրներն օգնեն շրջանցելու համար իր նավթի արտահանումների վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները:

Հիշեցնենք, որ չորս տարի առաջ կնքված միջազգային պայմանագրով Իրանը պարտավորվել էր սահմանափակել միջուկային իր ծրագիրը եւ փոխարենը ստացել էր տնտեսական պատժամիջոցներից ազատվելու խոստումներ: Սակայն Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Միացյալ Նահանգներն անցյալ տարի դուրս եկավ պայմանագրից, ինչի արդյունքում հիմա Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանն ու Գերմանիան պիտի գտնեն պայմանագիրն ուժի մեջ պահելու ուղիներ: Իրանը բողոքում է, որ պայմանագիրը ստորագրած այդ երկրները մինչ այժմ շատ քիչ գործողությունների են դիմել, որոնք թույլ կտային Իրանի տնտեսության արագ աճը:

Իրանի հայտարարությանն ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, թե Իրանն ուրանի հաստացման աշխատանքներն ակտիվացնելու մասին է հայտարարում, քանի որ իր երկրի գաղտնի ծառայությունները մինչ այդ պարզել էին, որ Իրանն արդեն իսկ դրժել էր իր խոստումը: Նեթանյահուն միջազգային համայնքին կոչ է անում սկսել շատ խիստ պատժամիջոցներ, եթե Իրանն իրոք ոտնահարի միջուկային գործարքը:

‘’Որեւէ դեպքում Իսրայելը թույլ չի տա, որ Իրանն ունենա միջուկայի զենք’’, հայտարարել է Նեթանյահուն ու կրկնել, որ Իսրայելը կարող է նույնիսկ դիմել ռազմական նախազգուշական գործողությունների: