Ալաբամա նահանգը քրեականացրեց աբորտը

Ալաբամա նահանգում ընդունվել է օրենք, որով քրեականացվում է հղիության արհեստական ընդհատումը գրեթե բոլոր դեպքերում: Նմանատիպ օրենքներ են ընդունել նաև Օհայո, Ջորջիա և Միսուրի նահանգները: Կարծիք կա, որ պահպանողականները ցանկանում են այն տարածել ամբողջ երկրում:

Հղիության արհեստական ընդհատումն այսօր ԱՄՆ-ում հասարակական մեծ հնչեղություն ստացող խնդիր է: Այն զգայուն թեմա է ինչպես կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների համար:

Ալաբամա նահանգի նահանգապետ Քեյտ Այվին օրերս ստորագրել է օրենք, որով քրեականացվում է հղիության ընդհատումը: Պատասխանելով հարցին, թե արդյոք այն պետք է բացառեր բռնաբարության դեպքում, նահանգապետը ընդգծել է, որ յուրաքանչյուր մարդու կյանք կարևոր է: Նա հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել այս օրենքը ծախսատար և երկարատև դատական հնարավոր գործընթացում:

Աբորտի կողմնակիցները երկար տարիներ պայքարում են 1973 թվականին ընդունած ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման դեմ, որը կնոջն իրավունք է տալիս որոշում կայացնել հղիության դադարեցման մասին: Այսօր ԱՄՆ Գերագույն դատարանի անդամների մեծ մասը պահպանողական են, որը հույս է ներշնչում հղիության դադարեցման հակառակորդներին փոխել 1973 թվականի որոշումը:

Ի պատասխան նահանգապետի որոշմանը նահանգում տեղի ունեցան ցույցեր, որի մասնակիցները ընդգծում էին, որ հղիության դադարեցումը ապահովում է կանանց անկախությունը և պաշտպանում կանանց իրավունքները :

Այս օրենքին դեմ է հանդես եկել նաև Ալաբամայի դեմոկրատ սենատոր Բոբի Սինգլթոնը, ով ներողություն է խնդրել Ալաբամայի կանանցից նման օրենքի ընդունման համար:

Նախկինում հղիության դադարեցման սահմանափակման մասին օրենքներ են ընդունել նաև Օհայո, Ջորջիա, Քենտակի, Միսիսիպի նահանգները: Նմանատիպ օրինագծեր են հայտնվել նաև բազմաթիվ այլ նահանգների նահանգային օրենսդիր մարմիններում: