Իմամօղլուն կարող է ստանալ հարթակ ընդդեմ Էրդողանի

Your browser doesn’t support HTML5

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տանելուց հետո ու պաշտոնը ստաձնելով, խոստացավ իրականացնել հաշտեցման քաղաքականություն ու երդվեց վերջ դնել քաղաքական բաժանումներին:

Սակայն այս պաշտոնում նա մնաց ընդամենը 19 օր, քանի որ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը չեղյալ հայտարարեց քվեարկության արդյունքը` հենվելով նախագահ Էրդողանի այն պնդումների վրա, թե Իմամօղլուի հաղթանակն ապահովվել է խախտումների արդյունքում:

Իմամօղլուն սա համարում է մի ապտակ Թուրքիային ու նրա ժողովրդին: ‘’Եվ այս սխալն ուղղելու հնարավորությունը տրված է մեզ, որի համար պայքարը շարունակվում է’’, ասել է նա:

Ընտրությունների արդյունքը չեղյալ հայտարարելու որոշումը բողոքի ալիք է բարձրացրել երկրի ամենախոշոր այս քաղաքում:

Նոր ընտրությունները, ըստ Իմամօղլուի, լինելու են ոչ միայն քաղաքապետի ընտրության համար, այլ նաեւ հանուն ժողովրդավարության պաշտպանության: Նա կանխատեսում է, որ այս պայքարն ավելի է թեժանալու:

Պահպանողական հենք ունեցող Իմամօղլուն հեշտությամբ է անցնում աշխարհիկ ու կրոնական սահմանները: Նա շարունակ շեշտը դնում է հասարակության տարբեր շերտերի միջեւ հաշտության կարեւորության վրա: Մարդկանց միավորելը, նրա խոսքերով, ամենամեծ հնարավորությունն է բոլոր բնագավառներում առաջընթաց ապահովելու համար:


Մի քանի ամիս առաջ Իմամօղլուի մասին, որը Ստամբուլի արվարձաններից մեկի քաղաքապետն էր, քչերը գիտեին:

Սակայն Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում նրա հաղթանակը, ապա նոր ընտրությունները նրան կարող են դնել ավելի ուժեղ դիրքերում, տալով հարթակ` պայքարելու ընդհուպ մինչեւ ընդդեմ Էրդողանի իշխանության: