ԱՄՆ-ը ավիակիր ու կործանիչներ է ուղարկում դեպի Մերձավոր Արեւելք

Your browser doesn’t support HTML5

Միացյալ Նահանգները մեկ ավիակիր է իր կործանիչներով ուղարկում դեպի Մերձավոր Արեւելք, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքերով` Իրանի հետ կապված ‘’անհանգստացուցիչ եւ իրադրության սրման նշանների առկայության պատճառով’’:
Կիրակի օրն ուշ երեկոյան հանդես գալով հայտարարությամբ` Բոլթոնն ասել է, թե այս քայլն իրականացվում է ‘’Իրանի վարչակարգին հստակ ուղերձ հղելու համար այն մասին, որ ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցներից որեւէ մեկի շահերի դեմ իրականացվող որեւէ հարձակում կարժանանա դաժան ուժի պատասխանի’’:

"USS Abraham Lincoln" ավիակրի հետ միասին դեպի Մերձավոր Արեւելք է ուղղություն վերցրել մարտական մի ստորաբաժանում, որի մեջ են մտնում կործանիչ ռազմաօդանավեր, ուղղաթիռներ եւ ավելի քան 6 հազար ծովայիններ:

Իրանի պաշտոնատար անձինք Բոլթոնի այս հայտարարությանը դեռեւս պատասխան հայտարարությամբ հանդես չեն եկել:

Թրամփի վարչակազմն աշխատում է Իրանի դեմ, իր խոսքերով ասած, ‘’առավելագույն ճնշումներ գործադրելու ուղղությամբ’’, ստիպելու համար, որ Թեհրանը, ըստ Վաշինգտոնի, փոխի իր վարքագիծը, այդ թվում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու քաղաքականությունը: Նպատակն է նաեւ ստիպել, որ Իրանը հրաժարվի բալիստիկ հրթիռների այն ծրագրից, որը կարող է սպառնալ ԱՄՆ-ին:

Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներն անցյալ ամիս Իրանի Իսլամական հեղափոխական պահակազորը ճանաչեց որպես ահաբեկչական խմբավորում, Իրանը պատասխանեց, որ ԱՄՆ-ը ճանաչում է որպես պետական ահաբեկչությունը հովանավորող պետություն, Մերձավոր Արեւելքում նրա ուժերը` որպես ահաբեկչական խմբավորումներ: