Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող Սիրիայի Դեմոկրատական Ուժերի կազմում այս շաբաթ նոր ջոկատ է ստեղծվել, որը կազմված է ազգությամբ հայ բնակիչներից:
Սիրիայի Դեմոկրատական Ուժերը քրդական հրամանատարության տակ գործող բազմազգ ռազմական ուժեր են, որոնք կարեւորագույն դեր են խաղացել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Անցյալ ամիս հենց այս ուժն է ազատագրել Սիրիայի տարածքում Դաեշի ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքը՝ Բաղուզը:
«Մենք գնալու ենք մեր նահատակների ճանապարհով եւ պայքարելու ենք մինչ այն պահը, երբ Սիրիայի հյուսիս-արեւելքում բոլոր ազգությունները կազատագրվեն եւ հնարավոր կլինի կառուցել ապակենտրոնացված Սիրիա, - ասում է հայկական ջոկատի հրամանատար Մասիս Մութանյանը, ավելացնելով - ժամանակն է ստեղծել Սիրիայում իրական հայկական ուժեր»:
Հայկական առաջին ուժերը
Սա Սիրիայի տարածքում 2011-ի քաղաքացիական պատերազմից ձեւավորված առաջին ամբողջովին հայկական ուժերն են: Հայերը կազմում են Սիրիայի բնակչության շուրջ երկու տոկոսը: Նրանցից շատերը բնակվում էին քրդական մեծամասնություն ունեցող շրջաններում:
Քաղաքացիական պատերազմը սկսվելուց հետո սակայն Սիրիայում բնակվող հայերի թիվը կտրուկ նվազել է, շատերը Հայաստան կամ Եվրամիության անդամ-պետություններ են տեղափոխվել: Սիրիայում քաղաքացիական պատերազմի ամբողջ ընթացքում երկրի հայազգի բնակչության հիմնական մասն անկողմնակալ է մնացել, մինչդեռ որոշ հատվածներ աջակցեցել են Բաշար ալ Ասադին, հայտարարելով, որ Ասադն այլընտրանքներից լավագույնն է:
Ազդանշան Ասադին
Որոշ վերլուծաբանների կարծիքով, հայկական ուժեր ձեւավորելով, Սիրիայի Դեմոկրատական Ուժերն Ասադին ազդանշան են ուղղում.
«Հայկական ջոկատ կազմելով՝ Սիրիայի Դեմոկրատական Ուժերն Ասադին հայտնում են, որ մնայուն ուժ է եւ որ Սիրիայի առավել խոցելի համայնքներից մեկը ճանաչում է այդ փաստը՝ միանալով ուժերին», - ասում է Նոր ամերիկյան անվտանգության վաշինգտոնյան կենտրոնի փորձագետ Նիկոլաս Հերասը:
Վերլուծաբանի խոսքով, խոցելի իր կարգավիճակի պատճառով Սիրիայի հայ համայնքը ավանդաբար ստատուս-քվոյի կողմնակից է եղել, որն ստեղծված իրավիճակում նշանակում էր անուղղակի աջակցություն Ասադին:
«Ահաբեկչական միավորում»
Հայկական նոր ուժերը Սիրիայում ստեղծվել էին ապրիլի 24-ին՝ այն օրը, երբ հայերը հիշում են Օսմանյան թուրքերի կողմից գործած Մեծ Եղեռնի մեկ եւ կես միլիոն զոհերին:
Թուրքիայում որոշ իշխանամետ լրատվամիջոցներ հայկական նոր ուժերին «ահաբեկչական կազմակերպություն» էին որակել: ընդհանրապես, Թուրքիան Սիրիայի Դեմոկրատական Ուժերին դիտարկում է որպես Քրդական աշխատավորական կուսակցության մասը, կուսակցություն, որի հետ Թուրքիան պատերազմի մեջ է երեք տասնամյակ շարունակ:
Անկարան նաեւ դեմ է Սիրիայի Դեմոկրատական Ուժերի եւ Վաշինգտոնի համագործակցությանը, պահանջելով ԱՄՆ-ից դադարեցնել աջակցությունը քրդերին: