Վենեսուելայի ժողովուրդը մարդասիրական օգնություն ստացավ

Առաջին մարդասիրական օգնությունը Վենեսուելա հասավ երեքշաբթի: Շաբաթներ տեւած բանակցություններից հետո ի վերջո նախագահ Նիկոլաս Մադուրոն տվեց իր համաձայնությունը եւ Կարմիր խաչի ու Կարմիր կիսալուսնի կազմակերպության օգնությունը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Կարակասում:

«Օգնությունը բաշխվելու է մեր հիմնարար սկզբունքների համաձայն՝ մենք անկողմնակալ եւ անկախ ենք եւ խնդրում ենք չքաղաքականացնել մեր աշխատանքը, մենք կյանքեր ենք փրկում», - նշում է Վենեսուելայի կարմիր խաչի կազմակերպության նախագահ Մարիո Վիլլառոաելը:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, Վենեսուելայի 30-միլիոնանոց բնակչության մեկ քարորդը անհապաղ սննդի եւ բժշկական օգնության կարիքն ունի: Երկրի բնակչության 3.5 միլիոնը թերսնված է: Թերսնված են նաեւ 5 տարեկանից ցածր երեխաների 22 տոկոսը: Երկրի հասարակ բնակիչները մարդասիրական օգնության ժամանումը սպասված քայլ են անվանում:

«Այս օգնությունը մեծ բան է Վենեսուելայի համար, բոլորի համար, ընտանիքների, որոնք կարիքավոր են: Բազմաթիվ հիվանդ մարդիկ կան, որոնք ունեն դեղերի կարիքը: Հույս ունեմ՝ սա ազատության սկիզբն է», - ասում է Կարակասի բնակիչ Ալեքսիս Ռոդրիգեսը:

Նախորդ շաբաթ Մադուրոն հայտարարեց, որ իր կառավարությունը Կարմիր խաչի հետ համաձայնության է եկել, ՄԱԿ-ի օգնությունը Վենեսուելա հասցվելու մասին:

Ավելի վաղ Մադուրոն հրաժարվում էր ընդունել ԱՄՆ-ի եւ մի շարք այլ երկրների օգնությունը՝ չնայած այն փաստի, որ Վենեսուելայի քաղաքացիներն ունեն սննդի եւ դեղամիջոցների սուր կարիք: Մադուրոն հայտարարում էր, որ իր քաղաքացիները չունեն դրսի օգնության կարիք: Ամերիկայի բազմաթիվ երկրներ, այդ թվում եւ Միացյալ Նահանգները չեն ճանաչում Մադուրոյի բռնատիրական իշխանությունը եւ երկրի նախագահ են ճանաչում Հուան Գուայդոյին: