Կոնգրեսական Իլհան Օմարը իր հայտարարության մեջ նշել է, որ իր հասցեին հնչող մահվան սպառնալիքներն անմիջականորեն կապված են նախագահ Թրամփի հրապարակման հետ: Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը հրապարակել էր տեսանյութ, որը պարունակում էր Օմարի մեկնաբանությունները սեպտեմբերի 11-ի ահաբեկչակության մասին:
Կոնգրեսական Օմարը նաև մտահուգություն է հայտնել ԱՄՆ-ում աջ ծայրահեղական ուժերի կողմից բռնության և ատելության հիմքի վրա կատարած հանցագործությունների աճի վերաբերյալ: Նրա կարծիքով դրանք խրախուսվում են նախագահ Թրամփի կողմից:
Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսն արձագանքել է այս հայտարարությանը ՝ հերքելով նախագահ Թրամփի կապը իսլամատյացության և բռնությունների աճի հետ:
«Իհարկե նախագահը որևէ մեկի նկատմամբ չունի ատելություն, առավել ևս բռնություն գործադրելու ցասում: Սակայն նախագահը չի կարող անտեսել կոնգրեսականի բազմաթիվ հակասեմիթական մեկնաբանությունները: Հարց է ծագում՝ ինչու՞ են դեմոկրատներն անում այդ նույնը: Ընդունելի չէ, երբ նա շարունակաբար անում է այդ հայտարարությունները, և նրանք լռում են»,- ասել է նախագահի մամլո խոսնակ Սառա Սանդերսը:
Ելույթ ունենալով ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի միջոցառմանը՝ կոնգրեսական Օմարն անդրադարձել է մահմեդականների հանդեպ խտրականության ու կասկածելիությանը: Նա նշել է, որ խումբը ստեղծվել է սեպտեմբերի 11-ից հետո, ''քանի որ մի շարք մարդկանց որոշ գործողությունների արդյունքում, մենք սկսել ենք կորցնել մեր քաղաքացիական իրավունքները'':
Նախագահ Թրամփը սակայն քննադատել է «որոշ գործողություններ» արտահայտությունը՝ զուգահեռ հրապարակելով սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կադրերը:
Օմարին քննադատողները մեղադրում են նրան այս սարսափելի ահաբեկչությանը սովորական բնույթ տալու մեջ առանց հիշատակելու, սակայն, նրա ելույթի մնացած հատվածները:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կոչ է արել սեպտեմբերի 11-ի մասին քննարկումներին վերաբերվել հարգալից: Նա նախագահ Թրամփի գրառումն ու տեսանյութը որակել է անհարգալից և վտանգավոր՝ կոչ անելով հանել այն համացանցից: