Առաջին աշխարհամարտի Հայկական լեգեոնի պատմությունը

«Հայկական լեգեոներները. Առաջին աշխարհամարտի զոհաբերություններն ու պատերազմները» գիրքի հեղինակ Սյուզան Փաթի

Վերջերս լույս է տեսել Սյուզան Փաթիի հեղինակությամբ գիրքը՝ նվիրված Առաջին աշխարհամարտի օրերին Հայկական լեգեոնի ձևավորմանն ու հետագա գործունեությանը: Մայրաքաղաքում օրերս անցավ այս գրքի շնորհանդեսը:

«Հայկական լեգեոներները. Առաջին աշխարհամարտի զոհաբերություններն ու պատերազմները» վերնագրով գիրքը Սյուզան Փաթիի հեղինակությամբ անդրադառնում է Առաջին աշխարհամարտի ժամանակ հայկական լեգեոնի զինվորների վերապրած օրերին ու նրանց ճակատագրերին: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս Վաշինգտոնի սուրբ Խաչ եկեղեցուն կից դահլիճում:

«Գիրքը ավելի շատ լեգեոներների մասին է, քան պատերազմի: Շատ մարդիկ, ովքեր ջարդերից հետո ներգաղթել էին ԱՄՆ կամ Ֆրանսիա, ապահով էին արդեն, բայց վերադարձան այդ վտանգավոր շրջան»,- նշում է հեղինակը:

Առաջին աշխարհամարտի ընթացքում խոշոր տերությունները ձևավորում էին ազգային լեգեոններ՝ բաղկացած օտարերկրացիներից, որոնք մասնակցում էին ռազմական գործողություններին: Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հովանու ներքո ստեղծված ազգային զորամիավորումների շարքում էր նաև Հայկական լեգեոնը:

Այն ձևավորվել էր տարբեր երկրներից այստեղ ժամանածհայերից։Հատկապես ակտիվ էին Եգիպտոսում բնակվող հայերը, ովքեր այստեղ էին գաղթել ֆրանսիացիների օգնությամբ՝ փրկվելով Հայոց ցեղասպանությունից: 1918 թ. հուլիսի դրությամբ հավաքագրված էր ավելի քան 50 սպա և ավելի քան 4000 զինվոր: Յուրաքանչյուրն ուներ այստեղ գտնվելու իր սեփական պատճառը։

«Ցանկանում էին փրկել իրենց ընտանիքները կամ վրեժխնդիր լինել ջարդերի համար: Պատճառները զանազան էին: Հատկապես ցանկանում էին ինքնավարություն Հայաստանի համար և հույս ունեին, որ բրիտանացիներն ու ֆրանսիացիները կօգնեին իրենց»,- կարծում է Սյուզան Փաթին:

Հետագայում, ըստ հեղինակի, հայկական լեգեոնիի, ինչպես նաև փոքրամասնություններից ձևավորված այլ զորամիավորումների ճակատագրերը ողբերգական վերջաբան ունեցան: Թուրքիայում ընթացող զարգացումների արդյունքում մեծ տերությունները հեռացան Մերձավոր Արևելքից՝ բախտի քմահաճույքին թողնելով իրենց իսկ կողմից ստեղծված ազգային զորամիավորումները:

«Ֆրանսիացիները չունեին անհրաժեշտ մարդկանց քանակություն այնտեղ, ուստի հենվոմ էին հայերի վրա: Սակայն հետագայում, գիտակցելով, որ այլևս չեն կարող պահպանել իրենց իշխանությունը տարածշարջանում, լքեցին սկզբից հայերին , այնուհետև՝ մնացած բոլորին, ներառյալ խաղաղ բնակչությանը»,- ասում է Փաթին:

Այսօր՝ այդ օրերից հարյուր տարի անց, այս տարածաշրջանը շարունակում է զրկված լինել խաղաղ կյանքից: Ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդիրներն էլ, ըստ հեղինակի, կարգավորվում են նույն տրամաբանությամբ:

«Ցավոք մեկ դար անց շատ բան չի փոխվել: Մենք այսօր տեսնում ենք քրդերի օրինակը, ովքեր իրենց կյանքն են զոհաբերում մի պատերազմում, որն ըստ էության իրենցը չէ: Նրանք սակայն նույն կերպ ցանկանում են օգնել խոշոր տերություններին՝ հույս ունենալով փոխարենը ստանալ նրանց աջակցությունը: Սակայն որևէ ազդանշան չկա, որ մեծ տերությունները կօգնեն նրանց պատերազմի ավարտից հետո»,- ասում է Սյուզան Փաթին:

Հեղինակը արդարացի է համարում փոքր ժողովուրդների՝ խոշոր տերությունների աշխարհաքաղաքական ծրագրերի մեջ ընդգրկվելու ցանկությունը, փոխարենը աջակցություն ստանալու հույսով, սակայն ըստ նրա, միշտ չէ, որ այդ ցանկությունները կրում են իրատեսական բնույթ: