Մյուլերի զեկույցի եզրակացությունը

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը կիրակի՝ մարտի 23-ին Կոնգրեսին հասցեագրված իր նամակում հայտնել է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի՝ 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների ենթադրյալ միջամտության հարցով հետաքննության զեկույցը՝ նախագահ Դոնալդ Թրամփի, նրա թիմակցիների և ռուսների միջև գաղտնի նախահամաձայնության և գործակցության վերաբերյալ ոչ մի փաստացի ապացույց չի պարունակում:

Թեև Մյուլերի զեկույցը չի հստակեցնում արդյոք Միացյալ Նահանգների նախագահը փորձել է արգելքներ հարուցել՝ խոչընդոտելով արդարադատությանը, ԱՄՆ-ի արդադատության նախարարության ղեկավար Ուիլյամ Բարրը և նրա առաջին տեղակալ Ռոդ Ռոզենսթայնն, ամփոփելով Մյուլլերի պատրաստած զեկույցի արդյունքները, մարտի 24-ին հրապարակած զեկույցում եզրակացրել են, որ դրանում չեն բացահայտվել նախագահի կողմից այնպիսի գործողություններ, որոնք կարող էին հանցագործության հանցակազմ համարվել:

ԱՄՆ-ի նախագահը արդեն իսկ հասցրել է այս մասին գրառում կատարել իր Twitter-ի էջում: «Չկա՛ նախահամաձայնություն, չկա՛ն խոչընդոտներ արդարադատությանը, լիակատար ու վերջնական արդարացում»,-գրել է Թրամփը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և Սենատում դեմոկրաների փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը տարածված համատեղ հայտարարության մեջ Բարրին կոչ են արել Մյուլլերի ամբողջական զեկույցը հրապարակել լրիվ ծավալով և կից փաստաթղթերի հետ: