Ամենամյա ուղերձում Թրամփը մեծ տեղ հատկացրեց Հյուսիսային Կորեային

Your browser doesn’t support HTML5

Նախագահական ամենամյա ուղերձի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընի հետ իր երկրորդ գագաթաժողովն անցկացվելու է փետրվարի վերջին:
ԱՄՆ-ի նախագահը, տեղեկացնելով, որ հանդիպումը տեղի է ունենալու Վիետնամում, հպարտությամբ խոսեց Հյուիսի առաջնորդի հետ իր շփումների մասին:
‘’Եթե ես նախագահի պաշտոնում ընտրված չլինեի, այս պահին, իմ կարծիքով, Հյուսիսային Կորեայի հետ ներքաշված կլինեինք խոշոր մի պատերազմի մեջ, որի արդյունքում միլիոնավոր մարդիկ կզոհվեին’’, հայտարարեց Թրամփը` ավելացնելով, թե դեռեւս մեծ աշխատանք կա կատարելու Կիմ Չան Ընի հետ միասին:

Սինգապուրում անցյալ տարի հունիս ամսին երկու ղեկավարների միջեւ անցկացված գագաթաժողովից հետո ԱՄՆ-Հյուսիսային Կորեա բանակցային գործընթացը շարունակում է դանդաղ առաջընթացը: Առաջին այս գագաթաժողովի ժամանակ Թրամփն ու Կիմը համաձայնվել էին ‘’աշխատել Կորեական թերակղզին լիովին ապամիջուկայնացնելու ուղղությամբ’’: Սակայն կողմերը համաձայնություն չէին կայացրել ապամիջուկայնացման ձեւերի ու այն սկսելու եւ ավարտելու ժամկետների մասին: