Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներում կարևորում է դինամիկայի ապահովումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներում կարևորում է դինամիկայի ապահովումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մնացականյանն այս մասին խոսեց փետրվարի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Պաշտոնական հանդիպման համար չշտապենք դեռևս: Շատ էական է, որպեսզի մենք շարունակենք գործընթացը կառուցել այնպես, որպեսզի կարողանանք արդյունք ունենալ: Ժամկետային հարցերն էլ նշանակություն ունեն, բայց կարևոր է, որ հաջորդ քայլը լինի այնպես, որ կարողանանք դինամիկան ապահովել»,- ասաց նախարարը:

Նա հույս հայտնեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների շուրջ կառուցողական մթնոլորտը պահպանվում է:

2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել:

Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:

2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։