Միգրանտներն իրենց հետ հիվանդություններ չեն տանում Եվրոպա. ԱՀԿ

Your browser doesn’t support HTML5

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր զեկույցի համաձայն Եվրոպա ժամանող միգրանտներն իրենց հետ չեն բերում վարակիչ հիվանդություններ: Կազմակերպությունը եվրոպական երկրներին կոչ է անում նրանց ցուցաբերել առողջապահական ծառայություններ, որպեսզի նրանք այստեղ չկանգնեն հիվանդանալու վտանգի առջեւ:

Իտալիայի իշխանությունները նոյեմբեր ամսին հրահանգել էին կանգնեցնել միգրանտների փրկարարական աշխատանքներով զբաղվող ‘’Աքուարիուս’’ նավի ընթացքը` հայտարարելով, թե իր տախտակամածին այն կրում է ՄԻԱՎ-ի, մենինգիտի եւ թոքախտի վարակ պարունակող հագուստներ: Սակայն բուժաշխատողները հերքել էին այս պնդումները, ինչը եւս մեկ օրինակ է այն մասին, թե ինչպես են Եվրոպայի տարբեր երկրներում հարցականի տակ դնում միգրանտների առողջական վիճակը:

Ինչպես Առողջապահության միջազգային կազմակերպության աշխատակից Զսուզաննա Ջաքաբն է ասում, Եվրոպա ժամանող փախստականներն իրենց հետ չեն բերում թունավոր եւ օդի միջով տարածվող վարակիչ հիվանդություններ:

‘’Այն հիվանդությունները, որոնք նրանցից ոմանք կրում են, տարածված հիվանդություններ են Եվրոպայում: Իսկ այստեղ մենք ունենք կանխարգելիչ ու հիվանդությունները վերահսկող միջոցներ’’, ասում է նա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վերջերս հրապարակված զեկույցում խոսք է գնում մեկ այլ խնդրի մասին, այն մասին, որ միգրանտները հիվանդություններ են ձեռք բերում գաղթի ճանապարհին:
Իրենց հայրենիքից հեռացած մարդիկ կանգնում են վարակիչ հիվանդություններով վարակվելու վտանգի առջեւ, չունենալով առողջապահական միջոցներից օգտվելու հնարավորություն եւ ապրելով ծայրաստիճան աղքատ պայմաններում:

‘’Չեմ կարծում, որ անօրինական փախստականները տարբեր երկրներում ունեն առողջապահական համակարգից օտվելու հնարավորություն: Նրանք հաճախ դուրս են մնում իշխանությունների տեսադաշտից, եւ հենց սա է առաջին խնդիրը’’, ասում է Ջաքաբը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ Եվրոպայում միգրանտների նկատմամբ երբեմն թշնամական տրամադրությունների պատճառով մի շարք երկրներում միգրանտները կարող են զրկվել բժշկական ծառայություններից, ինչը կարող է դառնալ հիվանդությունների տարածման պատճառ: