Դավոսը պատրաստվում է Համաշխարհային տնտեսական ֆորումին

Your browser doesn’t support HTML5

Շվեյցարիայի Դավոս քաղաքը պատրաստվում է Համաշխարհային տնտեսական ֆորումին, որին այս անգամ նկատելի կլինի մի շարք խոշոր պետությունների առաջնորդների բացակայությունը։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բացակայում է երկրի կառավարության մասնակի փակման պայմաններում։ Ֆրանսիայի նախագահը չի ներկայանալու, քանի որ իր երկրում շարունակվում են ՝՝դեղին ժիլետավորների՛՛ բողոքի ցույցերը։

Հանդիպմանը մասնակցող տնտեսապես զարգացած երկրների ղեկավարների շարքում են Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն, Գերմանիայի վարչապետ Անգելա Մերքելը։ Մասնավոր ընկերություններից ՝՝Էփըլ՛՛-ը ներկայացնում է Թիմ Քուքը, ՝՝Ֆեյսբուք՛՛-ը՝ Շերիլ Սենդբերգը։ Շվեյցարական առողջարանային այս քաղաքում պատվիրակների թիվը հասնում է 3 հազարի։

Դավոսի այս տարվա հանդիպման կազմակերպիչները որոշել են կենտրոնանալ գլոբալիզացիան զարկ տալու կարեւորության վրա։ Խոսվելու է պոպուլիզմի տարածման վտանգի մասին։

Հունվարի 22-ից 25-ն անցկացվելիք հանդիպումը առաջին նման միջոցառումն է Բրազիլիայի նոր նախագահ Հաիր Բոլսոնարոյի համար, որն ընտրվեց նախկին իշխանությունների դեմ սկսված պայքարի արդյունքում։ Դավոսի ֆորումին առաջին անգամ մասնակցելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքի արվարձաններից մեկում կառուցված ուղղաթիռների կայանում իրար հետեւից վայրէջք են իրականացնում Ցյուրիխի օդանավակայանից ժամանած պատվիրակներին այստեղ տեղափոխող ուղղաթիռները։

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա, անկախ այս տարի մի շարք ղեկավարների բացակայությանը, այն մնում է շատ բարձր մակարդակի վրա։ Ոստիկանությունը չի հայտնում այդ աշխատանքներին մասնակցող ոստիկանական ուժերի թիվը։ Բանակային ուժերից անվտանգությունն ապահովելու աշխատանքներին է միացել 5ՕՕՕ զինծառայող։