Մեծ Բրիտանիայի եւ Եվրոպական միության միջեւ չի կայացվում համաձայնություն

Your browser doesn’t support HTML5

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հաղթահարելով իր նկատմամբ անվստահության քվե հայտնելու փորձը, այժմ իր խոսքերով ասած, իր ուժերի ներածով պայքարում է Եվրոպական միության հետ կնքված գործարքում փոփոխություններ իրականացնելու համար: Խոսքը Միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու պայմանագրի մասին է:

Հիշեցնենք, որ գլխավոր խնդիրն այս համաձայնագրում իռլանդական սահմանն է: Շատերն ունեն այն մտավախությունը, որ Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելով փաստացի սահման կհաստատվի Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ:
Սակայն արդեն իսկ կնքված համաձայնագիրը փոփոխության ենթարկելու նպատակ չունեն ոչ Եվրոպական միության ղեկավարները, ոչ էլ Իռլանդիայի Հանրապետության առաջնորդները: Ինչպես վերջինիս վարչապետ Լեո Վարադկարն է ասել, ‘’Այն գործարքը, որն ունենք, սեղանին դրված միակ գործարքն է’’:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես ասել է, թե իրենք չունեն իրավական փաստաթղթերը նորից ուսումնասիրելու նպատակ:
Բրյուսելը հայտարարել է, թե առեւտրային լավագույն գործարքի համար կտա գրավոր երաշխիքներ: Սակայն Մեյի քննադատների համար սա բավարար չէ:


Իսկ վերլուծաբաններն ասում են, թե հարկավոր է նայել առաջ: Նրանցից Գրեգորի Քլեյսի խոսքերով, Բրէքզիթն արդեն զուտ բրիտանական խնդիր է: Այն այլեւս կարեւոր հարց չէ Եվրոպայի համար:
Իսկ Մեծ Բրիտանիայում տասնյակ օրենսդիրներ ասում են, թե հունվարին նախատեսված քվեարկության ժամանակ դեմ են քվեարկելու գործարքին, եթե չհստակեցվի իռլանդական սահմանին առնչվող կետը:
Իսկ երկրում այս ընթացքում առաջ է գալիս նոր մի հանրաքվե անցկացնելու մթնոլորտ: Դրա կողմնակիցներն ասում են, եթե խորհրդարանը մտել է փակուղի, Թերեզա Մեյի համար մնում է մի ճանապարհ, այն է`վերջնական որոշում կայացնելու համար նորից դիմել ժողովրդին:

Մինչեւ մարտի 29-ին Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի հեռանալը մնացել է մոտ հարյուր օր, սակայն վերջնական որոշում ու համաձայնություն դեռեւս չկա Լոնդոնում: