Պուտինը խոստանում է արագ ու արդյունավետ արձագանք Վաշինգտոնին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ նախագահ Թրամփի կողմից ԱՄՆ-ի դուրս բերումը 1987 թվականի համաձայնագրից կհանգեցնի սպառազինությունների մրցավազքի։

Իտալիայի վարչապետի հետ հանդիպումից հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից 1987 թվականի միջին հեռավորության հրթիռների մասին պայմանագրից դուրս գալուն ՝ նշելով, որ Մոսկվան կարձագանքի համարժեք Վաշինգտոնի այդ քայլին

«Կարո՞ղ ենք մենք արձագանքել: Այո, կարող ենք և կարձագանքենք արագ և արդյունավետ: Մեր գործընկերը մեզ մեղադրում է, թե իբր մենք խախտել ենք պայմանագիրը: Սակայն որևէ ապացույց ինչպես միշտ չի ներկայացվել: Եվ ԱՄՆ-ը ինքն արդեն խախտել է պայմանգիրը»,- ասել է Պուտինը:

Ռուսական կողմին այս հարցում մեղադրել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

«Ամենապարզ բացատրությունն այն է, որ Ռուսաստանը խախտում է պայմանգիրը, և հիմնական խնդիրը Մոսկվայի վարքագիծն է, որին ականատես ենք մի քանի տարի շարունակ: Այսպես այլևս չի կարող շարունակվել: Հնարավոր չէ ունենալ պայմանագիր, որը հարգի միայն մեկ կողմը»,- ասել է Ջենս Սթոլթենբերգը:

Հիշեցնենք, որ 1987 թվականի պայմանագիրը ստորագրվել է ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից Վաշինգտոնում, որով արգելվում էր մինչև 5000 կմ հեռավորության հրթիռների պատրաստումն ու փորձարկումը:

Թրամփը մեղադրել է Մոսկվային պայմանգիրը խախտելու մեջ՝ ՆԱՏՕ-ին սպառնացող հրթիռներ տեղակայելու համար: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները ՝ նշելով, որ ԱՄՆ-ի պաշտպանական համակարգերը Եվրոպայում և խախտում են պայմանագիրը: