Նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթի ոլորտում կոշտ քաղաքականության կողմնակիցները գտնում են, որ Կենտրոնական Ամերիկայից դեպի ԱՄՆ-ի սահմանները շարժվող շարասյունը ուժեղացնում է հանրապետականների դիրքերը գալիք ընտրություններում:
«Քաղաքական առումով այս շարասյունը կարող է փոխել հարաբերակցությունը հօգուտ հանրապետականների, քանի որ շատ տպավորիչ է, երբ երկիր են փորձում մուտք գործել չվերահսկվող զանգվածներ»,- ասում է Դեն Շթեյնը՝ Ամերիկյան ներգաղթի բարեփոխման ֆեդերացիայի ներկայացուցիչը:
Հազարավոր մարդիկ Գվատեմալայից մուտք են գործել Մեքսիկա՝ սահմանային ցանկապատը կոտրելու միջոցով: Նրանք մերժել են ապաստան տրամադրելու Մեքսիկայի կառավարության առաջարկը: Մեծ մասը Հոնդուրասից են, ուր ահագնանում է բռնությունն ու աղքատությունը:
Նախագահ Թրամփը շարասյան շարժը դեպի ամերիկյան սահմաններ որակել է համազգային արտակարգ իրավիճակ: Նա սպառնացել է դադարեցնել օգնության տրամադրումը այս տարածաշրջանի երկրներին և անհրաժտության դեպքում օգտագործել ամերիկյան զինուժը Մեքսիակայի հետ սահմանն ամբողջապես փակելու համար, եթե շարասյունը չդադարի իր շարժը դեպի ԱՄՆ:
Դեմոկրատները կարծում են, որ այսպիսով նախագահը փորձում է շեղել հանրության ուշադրությունն այլ, մասնավորապես առողջապահության ոլորտին առնչվող հիմնախնդիրներից:
Ներգաղթյալների իրավունքների պաշտպանները մտահոգություն են հայտնում կապված ներգաղթյալների անվտագության հետ: Նրանց թվում կան շատ երեխաներ ու կանայք: Բացի այդ նրանք դժգոհություն են հայտնում, որ նախագահ Թրամփը որակում է նրանց որպես հանցագործներ:
«Կարծում եմ, շարասյունը դարձել է նախագահի համար միջոց ներգաղթյալների հասցեին ավելի կոշտ ու վիրավորական հռետորաբանություն օգտագործելու համար»,- ասում է Ռոյս Բերնշթեյն Մուրեյը՝ Ամերիկյան ներգաղթի խորհրդից:
Ըստ Ամերիկյան ներգաղթի խորհրդի, դեպի ԱՄՆ ներգաղթողների թիվը մնում է նույնը՝ չնայած այս շարասյանը: Ներգաղթյալների իրավունքները պաշտպանող խմբերը մտահոգություն ունեն, որ Թրամփը կօգտագործի այս շարասյունը՝ ոլորտում ավելի կոշտ քաղաքականություն կիրառելու համար:
Իսկ այդ ընթացքում անօրինական ներգաղթի հակառակորդները գտնում են, որ այս իրավիճակում հնարավոր է համախմբել հանրապետականների կողմնակիցներին և օգտագործել շարասյունը՝ սահմանային վերահսկողությունը ուժեղացնելու համար: