Նախագահ Թրամփ-մամուլ հակադրությունը նոր զարգացումներ է գրանցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս որակել է ԶԼՄներին որպես ժողովրդի թշնամիներ: Նա կոչել է մամուլը «վտանգավոր և հիվանդ» և անգամ կարծիք հայտնել, որ այն կարող է հրահրել պատերազմ: Ամերիկյան ԶԼՄների մի հատվածը որոշել է հակազդել նախագահին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի բացասական վերաբերմունքը մամուլի նկատմամբ դրսևորվում է իր կողմնակիցների հավաքների ընթացքում ունեցած գրեթե բոլոր ելույթներում:

Նախագահն ու նրա վարչակազմը պնդում են, որ ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ անարդար են լուսաբանում վարչակազմի գործունեությունը: Սակայն վարչակազմի որակումները մամուլի վերաբերյալ դժգոհություններ են առաջացրել նաև լրագրողների շրջանակում: Այդ դժգոհությունն արտահայտվեց նաև օրերս Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ:

«Կարծում եմ՝ լավ կլիներ, որպեսզի դուք այստեղ հայտարարեք, որ լրագրողներն, ովքեր հավաքված են այս սենյակում, ովքեր ամեն օր կատարում են իրենց պարտականությունները որպես լրագրող և հարցեր են ուղղում պաշտոնյաներին, չեն հանդիսանում ժողովրդի թշնամիներ: Կարծում եմ՝ մենք արժանի ենք դրան»,- ասել է CNN գործակալության Սպիտակ տան թղթակից Ջիմ Ակոստան:

Ի պատասխան, մամլո խոսնակ Սառա Սանդերսը խուսափեց ուղիղ պատասխանից՝ ընդգծելով, որ նախագահը հնչեցրել էր իր կարծիքը: Սանդերսը նաև խուսափել է նախագահ Թրամփի հնչեցրած խոսքերը վերարտադրելուց:

«Ինքս լուսաբանել եմ Սպիտակ տունը և երկար տարիներ հետևել այստեղ ընթացող զարգացումներին: Երբեք չեմ տեսել այս աստիճանի թշնամանք ու լարվածություն Սպիտակ տան գործունեությունը լուսաբանող լրագրողների ու նախագահի միջև, ինչը մեծ մասամբ բխում է նախագահի վարքագծից»,- ասում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի փորձագետ Ֆրենք Սեսնոն:

Այժմ մամուլը որոշել է հակազդել նախագահի հարձակումներին: Այն նախաձեռնել է քարոզարշավ Բոստոն Գլոբ թերթի առաջնորդությամբ, որը գրում է, որ պետք է վերջ դրվի մամուլի հանդեպ սանձազերծված այս կեղտոտ պատերազմին:

Այս քարոզարշավի շրջանակներում շուրջ 200 թերթեր պատրաստվում են հրապարակել խմբագրականներ այս խնդրի առնչությամբ՝ առաջնորդվելով Բոստոն Գլոբի հռչակած մոտեցմամբ: Բացի թերթերից, քարոզարշավին կարող է միանան նաև զանգվածային լրատվության այլ միջոցներ:

Որոշ փորձագետներ սակայն մտահոգված են և հոռետես՝ ընդգծելով, որ մամուլի նկատմամբ մարդկանց վստահությունը չափազանց ցածր մակարդակի վրա է: