Նախագահ Թրամփի վարչակազմը հանդես է գալիս երկրի միջուկային զինանոցի արդիականացման առաջարկով՝ ցանկանալով համալրել այն փոքր տրամաչափի միջուկային զենքերով, որոնցով զինված են նաև ռուսական միջուկային ստորաբաժանումները: Դրանց առանձնահատկությունն այն է, որ կիրառման դեպքում ավերվում է ավելի փոքր տարածություն:
Այս փոքր տրամաչափի միջուկային զենքերը հավասարազոր են Երկրորդ աշխարհամարտի օրերին ճապոնական Հերոսիմա և Նագասակի քաղաքների վրա նետված ամերիկյան միջուկային ռումբերի չափսերին, որոնք կազմում են մոտ 15-20 կիլոտոննա: Ռուսական և ամերիկյան միջուկային զինանոցի մեծ մասը բաղկացած է ավելի հզոր միջուկային զինատեսակներից:
Փոքր տրամաչափի միջուկային զենքերի զարգացման մասին որոշումը պայմանավորված է Վաշինգտոնի մտավախությամբ, որ Մոսկվան կարող է կիրառել փոքր տրամաչափի միջուկային զենքեր:
«Կարծում եմ առկա են բազմաթիվ փաստեր, որ այսօրվա մեր դիրքորոշումը չի կանգնեցրել Պուտինին, ով գտնում է, որ փոքր տրամաչափի միջուկային զենքն իրեն տալիս է առավելություն։Ուստի, դա է պատճառներից մեկը, որ մենք պետք է այլ քայլերի դիմենք»,- ասում է Մեթյու Քրոենիգը Ջորջթաուն համալսարանից:
«Խնդիրը նրանում է, որ մեր ունեցած բացերն ազդում են այն վարքագծի վրա, որ դրսևորում է Ռուսաստանը, և դա անընդունելի է»,- ասում է Ամերիկացի գիտնականների դաշնության ներկայացուցիչ Հանս Քրիսթենսենը:
Սակայն մեկ ալ մոտեցման համաձայն փոքր միջուկային զենքերի զարգացումն ունի հոգեբանական մի շարք վտանգներ: Դրա մասին է խոսում նախկին սենատոր Սեմ Նունը:
«Իմ կարծիքով, եթե ԱՄՆ-ը ու Ռուսաստանը սկսեն խոսել միջուկային զենքի կիրառման մասին, ու դա անեն նաեւ միջուկային մյուս 7 տերությունները, աշխարհը կկանգնի իրական վտանգի առջև»,- ասում է նախկին սենատորը:
Սեմ Նունը ներկայացնում է նաև Միջուկային սպառնալիք նախաձեռնությունը: