Օլիմպիական խաղերը, Կորեական թերակղզու միջուկային խնդիրն ու կրքերը մեղմելու հույսերը

Մեկ շաբաթ առաջ Հյուսիսային ու Հարավային Կորեաների միջեւ անցկացված բանակցությունները մեծ նվաճում էր միջազգային բնագավառում, քանի որ առաջին համաձայնությունը հույսեր կարող է ներշնչել Հյուսիսի միջուկային սպառնալիքը վերացնելու հարցում։

Միջազգային ասպարեզում մեծ ձեռքբերում արձանագրվեց մեկ շաբաթ առաջ, երբ Հյուսիսային ու Հարավային Կորեաների միջեւ կայացվեց համաձայնություն այն մասին, որ Հյուսիսը կմասնակցի Հարավում փետրվարի 9-ին սկսվելիք Օլիմպիական խաղերին՝ այստեղ ուղարկելով նաեւ բարձր պաշտոնյաներ ընդգրկող պատվիրակություն, մարզիկներ, երկրպագուներ, լրագրողներ ու 14Օ հոգուց բաղկացած նվագախումբ։

Հանդիպման վայրը այսպես կոչված ՝՝խաղաղության գյուղն՛՛ է՝ սահմանային մի բնակավայր, որտեղ է 1953 թվականին կնքվել զինադադար հաստատելու պայմանագիրը։ Շեշտենք, որ Կորեական պատերազմը տեխնիկապես ավարտված չէ, այլ հաստատված է զինադադար արդեն 65 տարի։

Անցյալ երեքշաբթի օրը կորեական բանակցությունները սկսվեցին այն պահին, երբ Հյուսիսը շարունակում է զարկ տալ հրթիռային ու միջուկային իր ծրագրերին։ Եվ Հյուսիսի բանագնացներն անհանգստության մեծ նշաններ ցույց տվեցին, երբ բանակցությունների ժամանակ Հարավն ակնարկեց ապամիջուկայնացման հարցը։ Բանակցությունները սկսվեցին այն պահին, երբ խորանում էր հռետորաբանությունը Հյուսիսի առաջնորդ Կիմ Ջոն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ։ Ու երբ Հարավի նախագահը բանակցությունները սկսելու առնչությամբ գովեստի խոսքեր ասաց Թրամփի հասցեին, Հյուսիսի բանագնացները սպառնացին կիսատ թողնել հանդիպումը։

Առաջին հայացքից հանդիպումը գնահատվում է որպես մեծ քայլ, հիշելով այն փաստը, որ Հյուսիսը բոյկոտել էր 2Օ1Օ թվականի Ձմեռային եւ Հարավային Կորեայում 1988 թվականին անցկացված Օլիմպիական խաղերը։ Բայց մյուս կողմից ամեն ինչ շատ երերուն է թվում, ասում են փորձագետներից շատերը, որոնց խոսքերով, Օլիմպիական խաղերին մասնակցությունը կարող է միայն այդ մասնակցությամբ էլ ավարտվել։

Այլ հաղորդագրությունների համաձայն, Միացյալ Նահանգները, որը համաձայնել էր մինչեւ խաղերը հետաձգել Հարավի հետ ամենամյա ռազմախաղերը, այս պահին հավելյալ ռազմական ուժեր է տեղաբաշխում այս տարածաշրջանում։

Կանադայում հրավիրված միջազգային հանդիպման ընթացքում քննարկվում է Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը, երբ Ռուսաստանը, ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի, նախազգուշացնում է ԱՄՆ-ին, որ Հյուսիսի հետ միջուկային խնդիրը ռազմական եղանակով լուծելու փորձերը կարող են ունենալ ՝՝աղետաբեր հետեւանքներ՝՝ ու հիշեցնում, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Պեկինը չեն աջակցում Վանկուվերում ԱՄՆ-ի կողմից կազմակերպված գագաթաժողովը։

Բայց Հարավն ու Հյուսիսը շարունակում են բանակցությունները։ Չնայած դրանց երերուն բնույթին, կողմերը մեկ անգամ եւս հանդիպելու են Պանմունջոմում չորեքշաբթի օրը։