Լրագրող Գրետա վան Սասթերին տված ծավալուն հարցազրույցում ԱՄՆ-ի Սենատի ռազմական հարցերով հանձնաժողովի անդամ, սենատոր Լինդսի Գրահամը խոսել է նախագահ Թրամփի մոտեցման մասին՝ կապված Իրանի կողմից միջուկային համաձայնագիրը խախտելու խնդրի հետ:
«Կարծում եմ սա ամենավատ համաձայնագրերից մեկն է, և նախագահ Թրամփն ունի բոլոր իրավունքներն այն փոխելու ու վերանայելու համար»,- հայտարարել է սենատոր Գրահամը:
Սենատորի խոսքերով, այսօր այս համաձայնագրի շուրջ տիրող իրավիճակն անընդունելի է, և այն պետք է վերանայվի: Նա առաջարկում է որդեգրել նոր մոտեցում, որով Իրանի հրթիռային ծրագիրը կկազմի նոր համաձայնագրի մի մաս, եւ կսահմանափակի Իրանի կարողությունները հրթիռային համակարգերի զարգացման և նոր փորձարկումների առումով: Բացի այդ, նոր համաձայնագրով, ինչպես առաջարկում է սենատորը, Իրանը պետք է դադարեցնի ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումը և թույլ տա միջազգային տեսուչների մուտքը բոլոր այն տեղանքներն ու ռազմական օբյեկտները, ուր նրանք կցանկանան անցկացնել ստուգումներ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Իսկ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը խախտել է համաձայնագիրը, սենատորը չի տալիս հստակ պատասխան, սակայն նշում է.
«Համաձայնագրի ամբողջ իմաստը նրանում էր, որ նրանք դառնան ավելի լավը և ընդգրկվեն համաշխարհային հանրության մեջ, սակայն համաձայնագրի կնքումից ի վեր նրանց վարքագիծը վատացավ»,- նշում է սենատորը:
Ըստ Գրահամի, պատժամիջոցներն իրենց արդարացնում էին, ու նա հույս ունի, որ դրանք կվերականգնվեն: Որպես հետագա գործողությունների շարք, նա առաջարկում է.
«Այսպիսով ի՞նչ ենք մենք անելու: Մենք կկանխենք նրանց կողմից միջուկային ռումբ ստեղծելու մտադրությունը, կդիտարկենք բոլոր տարբերակները՝ ներառյալ ռազմականը, կվերականգնենք պատժամիջոցները և կփորձենք ստիպել վարչակարգին փոխել իր վարքագիծը և միգուցե մի օր հեռանալ իշխանությունից»,- հայտարարել է սենատորը:
Գրահամը համուզմունք է հայտնում, որ Իրանի ժողովուրդը ցանկանում է ապրել ազատ և դեմ է կրոնապետությանը, որը սահմանափակում է նրանց գործունեությունն ու հնարավորությունները: Սենատորը նաեւ դիմել է Իրանի ժողովրդին.
«Մենք ուզում ենք լինենք Ձեր բարեկամները: Ցավում եմ, որ մենք մի կողմ քաշվեցինք։ Սակայն այդպես վարվեցինք, քանի որ ողջ աշխարհը չէր ցանկանում հակամարտություն: Կներեք մեզ այն բանի համար, որ երբ դուք դուրս եկաք փողոցներ բողոքի ցույցով, որի ժամանակ գնդակահարվեց Նեդա Աղա Սոլթանին, մենք լռեցինք, յ չցանկանալով վնասել համաձայնագիրը»,- ասել է սենատոր Գրահամը:
Սենատորն ընդգծել է, որ նախագահ Օբաման թույլ է տվել Սիրիայի անկումը՝ Իրանին չգրգռելու համար: Նա նաև քննադատել է նախկին վարչակազմին՝ համաձայնագրում Իրանի հրթիռային ծրագիրը անտեսելու համար: