ԱՄՆ-ի քաղաքները որոշում են հավատարիմ մնալ Փարիզյան համաձայնագրին

Your browser doesn’t support HTML5

Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարում է Կլիմայական փոփոխությունների մասին Փարիզյան համաձայնագրից դուրս գալու վճռականության մասին, սակայն երկրի քաղաքային իշխանությունները խոստանում են անել հնարավորը՝ ածխաթթու գազի արտանետումների ծավալները կրճատելու ուղղությամբ։

Մինչեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ԱՄՆ-ի նախագահի ելույթը, Սպիտակ տունը մեկ անգամ եւս հաստատեց Կլիմայական փոփոխությունների մասին փարիզյան համաձայնագրից դուրս գալու իր դիրքորոշումը։ Թրամփը միշտ է պնդել, որ Փարիզյան համաձայնագիրը չի բխում իր երկրի շահերից, ու վնասում է երկրի տնտեսությանը, Ամերիկայի աշխատավորին։

՝՝Փարիզյան համաձայնագիրը Վաշինգտոնի կողմից ստորագրված այն պայմանագրերից է, որոնք գործում են ի վնաս Միացյալ Նահանգների, ի շահ այլ երկրների՛՛, ասել է Դոնալդ Թրամփը։

Եվ այսպես, Սպիտակ տունը հավատարիմ է մնում այս համաձայնագրից դուրս գալու իր քաղաքականությանը։ Սակայն հակառակ տեսակետ են հայտնում ԱՄՆ-ի քաղաքային ու նահանգային իշխանությունները, որոնք պնդում են, որ հարկավոր է Փարիզյան համաձայնագրի ոգով պայքարել համաշխարհային ջերմացման դեմ՝ կրճատելով ածխաթթու գազի արտանետումները։

Ինչպես օրինակ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունն է ասում, երկրի քաղաքներն ու նահանգները կարող են ինքնուրույն կերպով մեծ աշխատանք իրականացնել երկրագնդի ջերմացման ընթացքը կանգնեցնելու ուղղությամբ՝ առանց Թրամփի վարչակազմի աջակցության։

՝՝Քանի որ մեր համակարգում իշխանությունն այնքան հավասարաչափ է բաժանված ու այնքան մեկը մյուսին զսպող օղակներ կան մեզնում, որ Թրամփին չի հաջողվելու այս հարցը տանել այն ուղղությամբ, որով ինքն է ուզում տանել՛՛, ասել է Բրաունը։

Բիլ դե Բլասիոն, որպես Նյու Յորքի քաղաքապետ, առաջարկում է ջերմոցային գազերի կտրուկ կրճատում։ Նրա կարծիքով դրան կարելի է հասնել, ընդունելով մի որոշում, որ անշարժ գույքի սեփականատերերին կպարտադրեր հին շենքերում ջեռուցման, ինչպես նաեւ էլեկտրասնուցման նոր համակարգեր տեղադրել։ Այդ դեպքում, ասում է նա, կկրճատվեր դեպի մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների այնքան ծավալ, որքան արտանետում է 9ՕՕ հազար ավտոմեքենա։

Ի դեպ, Ամերիկայի ավելի քան 375 քաղաքներ արդեն իսկ հավատարմություն են հայտնել Փարիզյան համաձայնագրին, ու պարտավորվել, անկախ դաշնային կառավարության աջակցության բացակայությունից, անել հնարավորը՝ ջերմոցային գազերի ծավալները կրճատելու նպատակով։