Ծովամրրիկներից հետո պետք է մտածել արագ փոխհատուցում ստանալու մասին

Your browser doesn’t support HTML5

Երկու ծովամրրիկների կողմից ԱՄՆ-ի մի քանի նահանգների հարուցված նյութական վնասը կազմում է միլիարդավոր դոլարներ։ Ուժգին փոթորիկներից հետո այժմ լարված աշխատանքներ են ընթանում ապահովագրական ընկերություններում, որոնցից մի քանիսը, ճշգրիտ փաստեր կիրառելու նպատակով, կիրառում են արբանյակային լուսանկարներ։

Հարվի եւ Իրմա ծովամրրիկներն իրենց չար գործն անելուց հետո հեռացան։ Հիմա քաղաքային ու նահանգային իշխանություններն են լծվել գործի, վերականգնողական աշխատանքների համար։ Ապահովագրական ընկերություններն էլ զբաղված են փոխհատուցելու աշխատանքով։

Airbus Areal ընկերությունը հայտարարում է, թե կարող է հեշտացնել վնասը որոշելու աշխատանքները, քանի որ օգտագործում է փոթորիկներից առաջ եւ դրանցից հետո անօդաչու թռչող սարքերից, օդանավերից ու երկրագնդի արհեստական արբանյակներից ստացված լուսանկարները։

Ինչպես ընկերության նախագահ Ջեսսի Քոլմանն է ասում, հարկ չկա անգամ մարդ ուղարկել տեղում վնասը գնահատելու համար։ ՝՝Մինչեւ նույնիսկ տան տերերը կհասնեն իրենց տները, մենք արդեն կարող ենք այս լուսանկարների միջոցով պարզել, տվյալ տունը կա, թե՝ ոչ, ու ըստ այդմ էլ գնահատել ու սկսել փոխհատուցման գործընթացը՛՛։

Բացի առկա լուսանկարներից, USAA ապահովագրական ընկերությունն օդանավերի միջոցով շարունակում է նկարահանումները։ Ընկերության նորարարությունների բաժնի վարիչ Քրիստինա Թոմասեթին ասում է, թե դրամական փոխհատուցման աշխատանքը սկսում են ֆոտոպատկերը ստանալուն պես։

՝՝Դրա արդյունքում՛՛, ասում է նա, ՝՝ընկերության անդամները վճարումները ստանում են շատ արագ։ Իսկ այդ գումարներն այսօր շատ կարեւոր են տներն արագ վերանորոգելու ու վերակառուցելու համար՛՛։

Արագությունը նաեւ խնայում է միջոցներ ոչ միայն անշարժ գույքի սեփականատերերի, այլ նաեւ՝ ապահովագրական ընկերությունների համար։

Սակայն շինարարական ընկերությունները տեղեկացնում են, որ մեծ պահանջարկի արդյունքում նաեւ արագ աճում է շինանյութի գինն այստեղ։ Իսկ վերակառուցման աշխատանքներում ամենադժվար հանգամանքը լինելու է որակյալ աշխատավորների պակասը, քանի որ այդպիսիք քիչ էին այստեղ նաեւ ծովամրրիկներից առաջ։