1994 թվականից ի վեր Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA) երկրների միջև առևտուրն աճել է 290 միլիարդից մինչև 1,1 տրիլիոն դոլար: Սակայն համաձայնագրի քննադատներն, այդ թվում նախագահ Դոնալդ Թրամփն, ասում են, որ դրա արդյունքում ամերիկյան 5 միլիոն աշխատավորներ կորցրել են իրենց աշխատանքն արտադրության ոլորտում:
«Այն չափազանց լավ համաձայնագիր է Կանադայի ու Մեքսիկայի համար, սակայն սարսափելի վատը՝ Միացյալ Նահանգների»,- հայտարարել էր նախագահ Թրամփը:
Որոշ տնտեսագետներ սակայն կարծում են, որ նման մոտեցումը չափազանցված է: Լորա Դաուսոնի կարծիքով՝ Միացյալ Նահանգներն այսօր արտադրում է ավելի շատ ապրանքներ, քան երբևէ, սակայն դա անում է ավելի քիչ մարդկային ներուժ օգտագործելով:
Մեկ այլ տնտեսագետ Բիլ Սփրիգսի կարծիքով էլ, NAFTA-ն ի սկզբանե թերի է եղել:
«Այն ավելի շատ կորպորացիոն համաձայնագիր էր՝ եկամուտը մեծացնելու համար: Այն միտված չէ պաշտպանելու շրջակա միջավայրը, մարդու իրավունքները կամ աշխատանքի իրավունքը»,- ասում է Սփրիգսը:
Կանադան արտահայտել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով NAFTA-ի պահպանման կարևորությունը: Երկրի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլենդն իր ելույթում ընդգծել է, որ ամերիկա-կանադական տնտեսական հարաբերությունները փոխշահավետ են, չափազանց արդյունավետ և կարևոր:
Չնայած NAFTA-ի արդյունքում աճել են ներդրումները Մեքսիկայում՝ այստեղ վերաբերմունքը ևս միանշանակ չէ: Albright Stonebridge Group ընկերության խորհրդական, նախկին դիվանագետ Անտոնիո Օրթիզ-Մենայի կարծիքով, համաձայնագիրը պետք է արդիականացվի՝ արդի աշխարհի պայմաններին համապատասխանելու և այլ դաշինքների հետ մրցելու համար:
Այս պահին նախատեսվում է բանակցությունների յոթ փուլ, որոնք կավարտվեն 2018 թվականի հուլիսին՝ նախքան նախագահական ընտրությունները Մեքսիկայում: Ինչպիսի տեսք կստանա NAFTA-ն բանակցությունների արդյունքում, ցույց կտա ժամանակը: