‘’ ԴԱԵՇ-ը պիտի արմատախիլ արվի մինչեւ վերջ’’

Your browser doesn’t support HTML5

72 անդամ երկրներ ընդգրկող դաշինքի ներկայացուցիչները, դաշինք, որի նպատակը իսլամիստական, ծայրահեղական ԴԱԵՇ խմբավորման դեմ արդյունավետ պայքար ծավալելն է, օրերս հավաքվել էին ԱՄՆ-ի մայրաքաղաքում, որոշելու համար այն գործողությունները, որոնք պիտի իրականացվեն Իրաքում ու Սիրիայում այս խմբավորումն արմատախիլ անելուց հետո:

Իրաքը մի քանի օր առաջ Մոսուլը ԴԱԵՇ-ից ազատագրելով’ հայտարարեց այս խմբավորման դեմ հաղթանակի մասին: Ծայրահեղական ԴԱԵՇ-ի դեմ դաշինք կազմած 72 պետությունների ներկայացուցիչները հայտարարում են սակայն, որ դրանով բավարարվել չի կարելի, ու հարկավոր է մտածել ծայրահեղական խմբավորման բոլոր զինյալներին ոչնչացնելու մասին:

Ինչպես դաշինքում ԱՄՆ-ը ներկայացնող դեսպանորդ Բրեթ ՄաքԳուրքն է ասում, հարկավոր է հասնել նրան, որ իսլամիստների վերահսկողության տակ չմնա եւ ոչ մի թիզ հող: Նրա խոսքերով, ‘’Հարկավոր է հրադադարների միջոցով հարթել քաղաքացիական պատերազմը, որպեսզի սկսվի խնդիրը քաղաքական եղանակով լուծելու գործընթաց’’:

Մյուս գլխավոր առաջնահերթությունն ազատագրված տարածքներում կայունություն հաստատելն է եւ այս հատվածներին մարդասիրական օգնություն հատկացնելը:

ՄաքԳուրքի խոսքերով, հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ տեղի բնակչությունը կարողանա վերականգնել բնականոն կյանքը, իսկ հեռացածները’ կամավոր կերպով վերադառնան իրենց տներ:
Փորձագետներն ասում են, թե հավելյալ միջոցներ են հարկավոր օտարերկրյա զինյալների մուտքն ու ԴԱԵՇ-ի կողմից նոր հավաքագրումները կասեցնելու եւ ծայրահեղական քարոզչությունը դադարեցնելու համար:

Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնի փորձագետներից Ջասմին էլ Գամալի կարծիքով,պայքարը հարակավոր է շարունակել նաեւ ոչ ավանդական եղանակներով: ‘’Նկատի ունեմ առցանց պայքարը եւ պայքարը սոցիալական կայքերի միջոցով’’, ասում է նա ու շարունակում, ‘’Հարկավոր է նաեւ մեծացնել իրավապահ մարմինների կարողությունները, որպեսզի կասեցվի միայնակ գործող անձանց կողմից ահաբեկչական հարձակման յուրաքանչյուր փորձ’’:

ԱՄՆ-ը հինգշաբթի օրը հայտարարեց Իրաքին, որպես մարդասիրական օգնություն, հավելյալ 119 միլիոն դոլար հատկացնելու որոշման մասին: Օգնություն ԱՄՆ-ից, որը 2014 թվականից սկսյալ կազմում է 1 միլիարդ 400 միլիոն դոլար: