ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շուրջ քաթար-ամերիկյան փոխըմբռնման հուշագրի մասին։
«Ես այսօր այստեղ՝ Քաթարում եմ նույն տրամադրությամբ, ինչպես նախագահ Թրամփը մայիսին Ռիադում էր: ԱՄՆ-ի միակ նպատակն է վերացնել ահաբեկչությունն աշխարհի երեսից»,- ասել է պետքարտուղար Թիլերսոնը:
Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը խզել էին դիվանագիտական կապերը Քաթարի հետ և վերջինիս ենթարկել ցամաքային, օդային ու ծովային շրջափակման՝ մեղադրելով Քաթարին ահաբեկչության ֆինանսավորման մեջ: Նրանք 13 կետից բաղկացած պահանջագիր էին ներկայացրել Դոհային:
Չնայած նախագահ Դոնալդ Թրամփը կարծես թե այս խնդրում կանգնած է Սաուդյան Արաբիայի կողքին, ելնելով ծայրահեղականներին Քաթարի կողմից ֆինանսավորման մեղադրանքից, վերլուծաբանները գտնում են, որ Թիլերսոնը պահպանում է չեզոքություն այս հարցում:
«Եթե Թիլերսոնը կարողանա հասնել հաջողության և վերականգնել Սաուդյան Արաբիայի ու Քաթարի հարաբերություններն առանց կողմերից մեկին վնասելու, նախագահը կաջակցի և կողջունի դա»,- նշում է Ահարոն Դեյվիդ Միլլերը Վիլսոնի կենտրոնից:
Միլերի կարծիքով, որպես նավթային ոլորտի նախկին ղեկավար, Թիլերսոնն ունի բանակցելու համապատասխան փորձառություն և քաջ ծանոթ է տարածաշրջանին: Նրա կարծիքով, պետքարտուղարն այստեղ մեծ հարգանք է վայելում:
Թիլերսոնը ծրագրում է այցելել Սաուդյան Արաբիա՝ սաուդական կողմի մոտեցումներին ծանոթանալու համար: