Թրամփի վարչակազմը փոխում է Օբամայի արտաքին քաղաքականությունը

APTOPIX Trump Obama

Դոնալդ Թրամփը մշտապես քննադատել է իր նախորդի՝ նախկին նախագահ Օբամայի արտաքին քաղաքականությունը:

Մինչև վերջերս նա մեծ հաշվով պահպանել էր Օբամայի արտաքին քաղաքականության հիմնական դրույթները:

Սակայն այժմ Իրանի նկատմամբ ծայրահեղ դիրքորոշում ցուցաբերելուց և Փարիզի համաձայնագրից Միացյալ Նահանգներին դուրս բերելուց հետո ակնհայտ է, որ նախագահ Թրամփը վերացնում է Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության ժառանգությունը:

«Անկասկած է, որ այս վարչակազմը խրախուսում է նախկին վարչակազմի քաղաքականության վերանայում»,- ասում է Քրիսթի Գոլդֆուսն Ամերիկյան առաջընթացի կենտրոնից:

Քրիսթի Գոլդֆուսը, ով աշխատել է Օբամայի վարչակազմում բնապահպանության հարցերի շուրջ, դիտարկում է 2015 թվականի Փարիզի կլիմայի վերաբերյալ համաձայնագիրը որպես նախկին նախագահի արտաքին քաղաքականության կարևոր ձեռքբերում: Համաձայնագիրը սակայն չի վավերացվել Կոնգրեսի կողմից:

Թրամփի վարչակազմի հավանական թիրախներից են նաև Կուբայի հետ հաշտեցման քաղաքականությունն ու Իրանի միջուկային համաձայնագիրը: ԱՄՆ-Կուբա առևտրային և տնտեսական խորհրդի ներկայացուցիչ Ջոն Կավուլիչի կարծիքով ոչինչ չի խանգարում նախագահ Թրամփին արմատապես փոխել Օբամայի քաղաքականությունը, սակայն, ըստ նրա, դեռևս պարզ չէ որքան մեծ են լինելու փոփոխությունները:

Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը քննադատել է Կուբայի հետ հաշտեցման նախաձեռնությունը՝ սպառնալով ամբողջապես վերանայել Օբամայի քաղաքականությունը:

Այս պահին Թրամփի վարչակազմը դեռևս կենտրոնացած է ներքին խնդիրների վրա, սակայն Օբամայի կողմնակիցների կարծիքով փոփոխություններ կլինեն հետագայում:

«Ես ակնկալում եմ, որ մենք ականատես կլինենք մեծ փոփոխությունների, որոնք վտանգի տակ կդնեն այն բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք վերջին 8 տարիներին: Դա իրենց համար առաջնահերթություն է, և ոչինչ չի վկայում այն մասին, որ նրանք կդանդաղեցնեն կամ կդադարեցնեն այս գործընթացը»,- նշում է Գոլդֆուսը

Սակայն Օբամայի քաղաքականության վերանայման հարցում նախագահ Թրամփը գործում է միակողմանի, որը նշանակում է, որ հետագայում նրա հաջորդը ևս կարող է միակողմանիորեն վերանայել Թրամփի նախաձեռնած քայլերը: