ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության ղեկավար, փոխծովակալ Ջեյմս Սայրինգն ասել է, թե այս շաբաթ բալիստիկ հրթիռների համակարգի հաջող փորձարկումն ապացույցն է նրա, որ ԱՄՆ-ը կարող է իրեն պաշտպանել Հյուսիսային Կորեայի կամ Իրանի կողմից որեւէ հարձակումից։ Երեքշաբթի օրն իրականացված փորձարկումը փոխծովակալը համարում է հակաբալիստիկ հրթիռային պաշտպանության համակարգում ՝՝հսկայական ձեռքբերում՛՛ եւ ՝՝վճռական անկյունաքար՛՛։
Փորձարկման ժամանակ Մարշալյան կղզիների Ռեյգանի անվան փորձարկումների կայանից արձակվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որից հետո Կալիֆորնիայի Վանդենբերգի օդային ուժերի հենակետից երկինք է արձակվել կարծր վառելանյութով աշխատող մի հրթիռ, որը երկրագնդի մթնոլորտային շերտից բարձր տարածությունում ոչնչացրել է բալիստիկ հրթիռը եւ մարտագլխիկի թիրախը։
Սայրինգի խոսքերով, փորձարկումն ապացուցել է, որ եկող մի քանի տարիների ընթացքում այն կարող է ԱՄՆ-ը պաշտպանել հրթիռային որեւէ հարձակումից։
Ինչպես ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին է ասում Հակահրթիռային պաշտպանության դաշինք անվանումը կրող կազմակերպության ղեկավար Ռիքի Էլիսոնը, փորձարկումն ունի շատ մեծ նշանակություն։
Նրա խոսքերով, արդեն տեղակայվել են նման բոլոր 44 բալիստիկ հրթիռներից 36-ը։ Մինչեւ տարեվերջ Ալյասկայում կտեղակայվի 4Օ հրթիռ։ Չորս նման հրթիռներ կտեղակայվեն Վանդենբերգի օդային հենակետում։