Նախագահության 100-րդ օրվա կապակցությամբ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցեց Փենսիլվանիա նահանգի Հարիսբուրգ քաղաքում կազմակերպված իր աջակիցների հանրահավաքին:
Առաջին 100 օրվա ընթացքում նախագահ Թրամփը ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնք աջակցություն են ստացել իր կողմնակիցների շրջանում: Սակայն մի շարք կարևոր նախաձեռնությունների վերաբերյալ նա այդպես էլ չստացավ ԱՄՆ Կոնգրեսի աջակցությունը, օրինակ առողջապահության ոլորտի բարեփոխումների մասին օրինագիծը:
Չնայած դրան, ընդհանուր առմամբ հանրապետականներն աջակցում են նախագահին, ներառյալ՝ սենատում հանրապետականների ղեկավար Միտչ Մաքքոնելը:
«Ես կողմ եմ Սիրիայում և Աֆղանստանում հրթիռակոծումներին և ահաբեկիչների թաքստոցների ռմբակոծմանը: Կողմ եմ նաև ավելի հաստատակամ արտաքին քաղաքականությանը, սակայն ինչպես ասել էի նախկինում, կողմնակից չեմ նախագահի թվիթերյան հաղորդակցման ոճին»,- ասել է սենատոր Մաքքոնելը:
Դեմոկրատների համար մինչ օրս Թրամփը հանդիսացել է քննադատության թիրախ, և այդ մոտեցումը կշարունակվի:
«Առողջապահության մասին օրինագծի և այլ նախաձեռնությունների տապալման հիմքում են ընկած նախագահի անզիջուն մոտեցումները»,- ասում է Սենատում դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը։
Փորձագետների կարծիքով նախագահ Թրամփին անհրաժեշտ են հաղթանակներ՝ բարելավելու իր ցուցանիշները:
«Հաղթանակն իր հետ բերում է նոր հաջողություններ, իսկ տապալումը՝ անհաջողություն: Եթե մեկ անգամ թույլ տվեցիր թուլություն, ապա դառնում ես խոցելի հակառակորդներիդ համար և կորցնում ես դաշնակիցների»,- ասում է Վիլյամ Գալստոնը Բրուքինգս հաստատությունից:
Ամերիկյան պատմնությունն ունի հաջողակ նախագահների փորձ, ինչպիսիք են օրինակ Ռուզվելտը, Քենեդին կամ Ռեյգանը, ովքեր ստացել են հանրության աջակցությունը: Այսօր նախագահ Թրամփի կարևոր մարտահրավերներից է հանրային կարծիքի բարելավումը: