ԱՄՆ-ը նոր հակահրթիռային համակարգեր է տեղադրում Հարավային Կորեայում

Visitors watch the North Korea side from the unification observatory in Paju, South Korea, April 25, 2017.

Հարավային Կորեայի Սոնջու շրջանի ոստիկանությունն օրերս բախվել է ցուցարարների հետ, երբ բեռնատար ավտոմեքենան տեղափոխում էր հակահրթիռային համակարգերի որոշ մասեր:

ԱՄՆ-ը օդային հակահրթիռային նոր համակարգեր սկսեց տեղափոխել Հարավային Կորեա դեռևս մարտ ամսվա սկզբին: Սեուլն ու Վաշինգտոնը հավաստիացնում են, որ ավելի հզոր համակարգերի տեղադրման նպատակը պաշտպանություն է Հյուսիսային Կորեայի հնարավոր հրթիռակոծումից: Նրանք հերքել են Չինաստանի մտահոգությունը, որ այդ համակարգերն ուղղված են Չինաստանի անվտանգության դեմ:

Հյուսիսային Կորեան վերջերս փորձարկել է մի քանի բալիստիկ հրթիռներ և այժմ կարծիք կա, որ պատրաստվում է վեցերորդ անգամ անցկացնել միջուկային զենքի փորձարկումներ՝ անտեսելով Չինաստանի ընդդիմությունն ու միջազգային հանրության սահմանած ծանր տնտեսական պատժամիջոցները:

Նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Սպիտակ Տուն է հրավիրել բոլոր 100 սենատորների՝ Հյուսիսային Կորեայի հարցով նրանց գաղտնի տեղեկություն տրամադրելու համար:

Չնայած օրենսդիրներին ԱՄՆ-ի Կոնգրեսում տրամադրվում է գաղտնի տեղեկատվություն՝ Սպիտակ Տանը կայացած նմանատիպ խորհրդակցությունը հազվագյուտ երևույթ է, հատկապես, երբ ընդգրկված են բոլոր սենատորները:

Այս անսովոր խարհրդակցությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Կորեական թերակղզու արևմտյան ափերի մոտ ավարտվում էին ամերիկա-ճապոնական միացյալ ծովային ռազմավարժությունները: