Թրամփի վարչակազմը աջակցում է Իսրայելին

Vice President Mike Pence speaks at the 2017 American Israel Public Affairs Committee (AIPAC) policy conference in Washington, March 26, 2017.

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը ջերմ ընդունելության է արժանացել Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի (AIPAC) համաժողովին, որին մասնակցում էին Իսրայելի շուրջ 10 հազար աջակիցներ:

Փենսն իր ելույթում զգուշացրեց Իրանին, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի Իրանի փորձերը՝ տարածաշրջանում անկայունություն ստեղծելու ու Իսրայելի անվտանգությանը սպառնալու հարցում:

Նախորդ վարչակազմն Իրանի հարցում ուներ ավելի մեղմ դիրքորոշում: Փենսը նաև ընդգծեց, որ նախագահ Թրամփը ցանկանում է վերսկսել արաբ-իսրայելյան բանակցությունները:

Սակայն Փենսն իր խոսքում չհիշատակեց «երկու պետություններ» հակամարտության կարգավորման ձևաչափը, որին դեմ է նաև Իսրայելի վարչապետ Նեթանյահուն:

«Մենք մեր երեխաներին սովորեցնում ենք խաղաղություն: Նույնը պետք է անեն պաղեստինյան իշխանությունները և դադարեցնեն ատելություն սերմանումը երեխաների մեջ: Հրեական պետության ճանաչումն ամենից վեր պետք է լինի»,- ասել է Նեթանյահուն իր տեսաուղերձում:

Պաղեստինյան ղեկավարները, ներառյալ Մահմուդ Աբբասը, մեղադրում են Իսրայելին խաղաղության խաթարման հարցում՝ մասնավորապես մատնանշելով գրավյալ տարածքներում բնակավայրերի կառուցման քաղաքականությունը, որը, ըստ պահեստինցիների, պետք է դադարեցվի նախքան բանակցությունների վերսկսումը:

Իսրայելամետ համաժողովին մասնակցում էր նաև ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նոր դեսպան, ազգությամբ հրեա Նիկի Հեյլին:

«Մերձավոր Արևելքում առկա են բազմաթիվ անվտանգության և խաղաղության հետ կապված խնդիրներ, սակայն թույլ չենք տա վնաս հասցնել Մերձավոր Արևելքում մեր համար մեկ ժողովրդավար բարեկամին»,- հայտարարել է դեսպան Հեյլին

Դեսպան Հեյլին ՄԱԿ-ում իր գործունեության շնորհիվ չափազանց հայտնի է դառձել հրեական շրջանակներում և ջերմ ընդունելության է արժանացել իսրայելամետ համաժողովին: