Ավտոարդյունաբերության բնպահպանական չափանիշների վերացումը մտահոգում է բնապահպաններին

President Donald Trump tours the American Center of Mobility in Ypsilanti Township, Michigan, March 15, 2017.

Նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Միչիգան նահանգ, ուր վերահաստատել է իր խոստումն՝ ամերիկյան ավտոարդյունաբերության ոլորտի վերականգման ու զարգացման մասին: Նա կոչ է արել ոլորտի առաջատար ընկերություններին ավտոմեքենաների արտադրությունը շարունակել ԱՄՆ-ում և զգուշացրել նրանց, ովքեր կփորձեն նոր գործարաններ հիմնել արտասահմանում:

«Այն ընկերությունները, որոնք մեզ կդավաճանեն և գործից կհեռացնեն ամերիկացի աշխատավորներին, կվճարեն դրա դիմաց»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Նա խոստացել է փոխհատուցման մեխանիզմներ մշակել Միացյալ Նահանգներում ավտոարդյունաբերությունը զարգացնելու համար: Միջոցներից մեկը վառելիքը տնտեսող չափանիշների վերանայումն է, որոնք ընդունվել են նախկին վարչակազմի կողմից: Դրանց դեմ էին հանդես գալիս ավտոարդյունաբերողները, քանի որ, ըստ նրանց, դրանք մեծացնում են ավտոմեքենայի արտադրության ծախսը:

«Համոզված եմ՝ բոլորդ լսել եք այն նորությունը, որ մենք վերանայում ենք վառելիքը տնտեսող չափանիշները, որպեսզի դուք կարողանաք նորից ավտոմեքենաներ արտադրել Ամերիկայում»,- հայտարարել է Թրամփը:

Նախկին վարչակազմն այդ չափանիշները ընդունել էր արտանետումների կրճատման և բնապահպանական նպատակներից ելնելով: Վնասակար արտանետումների շուրջ մեկ երրորդը կապված է տրանսպորտային ոլորտի հետ: Առողջապահության ոլորտի փորձագետներն ասում են, որ այն լուրջ վնաս է հասցնում առողջությանը:

«Սա միայն տնտեսական խնդիր չէ, սա առողջապահական խնդիր է: Օդի ախտոտվածության պատճառով այսօր 60-80 հազար ամերիկացիներ մահանում են վաղաժամ, ուստի այս չափանիշների վերացումը մեծ վնաս կհասցնի մեր առողջությանը»,- ասում է Ջոնաթան Փաթզը Վիսկոնսին համալսարանից:

Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում նախագահ Թրամփը հստակ ընդգծել էր, որ բնապահպանական խնդիրներն առաջնահերթություն չեն հանդիսանում իր քաղաքական օրակարգում: